Ազգությամբ հույն Քրիստինե Տ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ծաղկավաճառ, իր ընկերոջ մայր՝ Ծովինար Տ.-ի հետ, որից հետո վերջինիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքով հարվածել է ոտքին, ապտակել, ապա իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ էլեկտրահարիչ սարքով, էլեկտրահարել է կնոջը՝ միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ։
Բացի այդ, իր ընկեր Սարգիս Տ.-ի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ դանակով, սպառնացել ու փորձել է հարվածել Սարգիսին ։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Քրիստինե Տ.-ն իրեն մեղավոր ճանաչեց մասնակի, մասնավորապես այն բանում, որ ինքը գնացել է նրանց տարածք: Ամբաստանյալը ցուցմունք տվեց այն մասին, որ Սարգիսի հետ ծանոթացել է մոտ 1 տարի առաջ: Սկզբում իրենց հարաբերությունները եղել են նորմալ, սակայն երբ Սարգիսի հայրը Ռուսաստանից վերադարձել է և պարզել է, որ Սարգիսն իր վրա մոտ 2 միլիոն դրամ է ծախսել, իրենց հարաբերությունները խզվել են: Որոշ ժամանակ անց Սարգիսի հայրը եկել է իրենց տուն և իր 9 ամյա դստեր ներկայությամբ սպառնացել է իրեն, որ եթե իր որդուց հեռու չմնա` «կմորթի դանակով», նաև հայհոյել է: Հարևանների օգնությամբ կարողացել է վերջինիս դուրս հրավիրել իր տանից: Դրանից որոշ ժամանակ անց վերադարձել է տուն և տեսել, որ իր բնակարանի փականը կոտրված է: Զանգահարել է Սարգիսին, որպեսզի վերջինս գա և նորոգի փականը, սակայն հեռախոսին պատասխանել է նրա մայրը, ով անպատվել է իրեն ու իր երեխային: Դրանից հետո Սարգիսը զանգահարել է իրեն և անհանգստացրել, ասել է, որ իր հայրն իմացել է գումարի մասին և ինքը պետք է վերադարձնի իր վրա ծախսված այդ 2 միլիոն դրամը, իսկ եթե ոչ, ապա իրեն անպայման կնստացնեն: Որպեսզի Սարգիսն իրեն այլևս չանհանգստացնի ու գա նորոգի իր դռան փականը, ինչպես նաև Սարգիսի մայրն իր հետ հեռախոսով անպարկեշտ չխոսի, որոշել է գնալ և խոսել Սարգիսի մոր հետ: Մոտենալով Սարգիսի մորը` նրանից ծաղիկ է գնել, այնուհետև շատ բարեհամբույր ձևով խնդրել է Սարգիսի հեռախոսահամարը, քանի որ վերջինս այն փոխել էր: Սարգիսի մայրն իրեն ասել է, որ իր որդու հետ ինքը գործ չունի, անպատվել է իրեն և իր երեխային, հայհոյել է իրեն և ապտակել: Այդ ժամանակ ինքը հանել է էլեկտրահարիչը, որպեսզի վերջինս իրեն չմոտենա ու զանգահարել է ոստիկանություն: Այդ տարածքի թերթի կրպակի աշխատակիցն իրեն ասել է, որ պետք չէ և թողնի գնա, սակայն ինքն ասել է, որ կսպասի մինչև ոստիկանների գալը, քանի որ, եթե գնա` կմտածեն, որ փախնում է: Հնարավոր է ինքը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Սարգիսի մորը` Ծովինարին, բայց դա արել է, քանի որ վերջինս էլ հայհոյել է իրեն ու անպատվել է իր երեխային, ինքը ևս անպատվել է Ծովինարի երեխաներին, որի համար զղջում է: Չէր հիշում Ծովինարին ոտքով հարվածել է, թե` ոչ: Էլեկտրահարիչն ինքը պահել է իր մոտ, քանի որ Սարգիսի հոր իրենց տուն գալուց հետո վախեցած է եղել:
Տուժող Ծովինար Տ.-ն էլ պատմել է, որ Քրիստինեն ասել է իրեն, որ ինքը լավ կին չէ, իբր թուղթ ու գիր է արել և որդուն չի թողնում, որ նա ամուսնանա իր հետ: Քրիստինեն սկսել է բարձրաձայն սեռական բնույթի լկտի հայհոյանքներ տալ իր հասցեին, ապա էլեկտրահարիչով էլեկտրահարել է իր ձեռքը, թքել է իր վրա, բոլորի ներկայությամբ ապտակել է իրեն և հարվածել իր ոտքին:
Ցուցմունք են տվել տեղանքում գտնված վկաները, ովքեր նշել են, որ Քրիստինեն վիրավորել է ու հարվածել Ծովինարին:
Դատարանը վճռել է Քրիստինե Տ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված 2 դրվագով հանցանքներ կատարելու մեջ:
Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի 4 ամիս ժամկետով:
Քրիստինեի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել, սակայն դատարանը որոշել է առաջին ատյանի վճիռը թողնել անփոփոխ: