Համաձայն ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության` յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր սեփականությունից անարգել օգտվելու իրավունք:
Կարևորելով սեփականության իրավունքի դերն ու նշանակությունը` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սեփականության իրավունքի խախատումների վերաբերյալ բազմաթիվ գործերով կայացրած իր վճիռներում սահմանել է, որ «սեփականություն» հասկացության բովանդակությունը պայմանավորված չէ ներպետական օրենսդրությամբ նախատեսված ֆորմալ որակմամբ:
«Սա նշանակում է, որ անկախ նրանից` պետությունն ինչ ձևակերպում է տվել «սեփականություն» հասկացությանը, այն միևնույն է Եվրոպական դատարանի կողմից ընկալվում է լայն ծավալով և ենթակա է պաշտպանության», – Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net