ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը 2012թ. սեպտեմբերի 10-ին ստորագրեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 14-րդ փոփոխությունը կատարելու մասին արձանագրությունը: Այս մաին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նամակ-համաձայնագրի այս փոփոխությամբ մոտ 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում` Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Ֆինանսավորումը, որը տրամադրվում է սույն համաձայնագրով, կնպաստի Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը, կծառայի ՀՀ Կառավարությանն առավել արդյունավետ կերպով պայքարել անդրազգային հանցանքների դեմ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերվի դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին: Հայաստանում գործող կազմակերպությունները և իրականցվող երկկողմ ծրագրերը ներառում են Ամերիկյան փաստաբանների ընկերակցության իրավունքի գերակայության նախաձեռնության, Փի-Էյչ Ինթերնեշնլ ՀԿ-ի ԶԱՆԳ Հայաստանի իրավական սոցիալականացման, ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեափորձագիտական կենտրոնի զարգացման ծրագրերը: Այս աջակցությունը նաև կնպաստի Հայաստանում փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի դեմ ուղղված կարողությունների, ինչպես նաև` նոր քրեակատարողական համակարգի զարգացմանը:
2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների Կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության` Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան տասնութ միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն, որի շնորհիվ ձեւավորվել են փորձաքննությունների ազգային բյուրոն, ֆինանսադիտարկումների կենտրոնը, օժանդակություն է ցուցաբերվել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստմանը, դատաիրավական բարեփոխումներին: