Գործազրկությունն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած չի նվազել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Գործակալությունում գրանցված մարդկանց թվի համաձայն` «2012թ-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 78.6 հազար,- ասում է Արտակ Սիմոնյանը,-Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70.7%-ը կամ 46.3 հազար մարդ»:
Գործատուները գերադասում են աշխատանքային փորձով, կրթված, միջանձնային դրական հարաբերությունները կարևորող աշխատողների: Ըստ բանախոսի` հաճախ թափուր աշխատատեղերը չեն լրացվում որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով: Իսկ առավել պահանջարկված թափուր աշխատատեղեր կան բժիշկների (մարզում), հաշվապահների, գանձապահների, բուժքույրների, ծրագրավորողների և այլ մասնագետների համար:
Արտակ Սիմոնյանի խոսքով աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված մի շարք պետական ծրագրեր:
«Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների կարծիքով մեր երկրում բավականին մեծ առաջընթաց կա հատկապես աշխատաշուկայում անմրցունակ խմբերի զբաղվածությանն ուղղված ծրագրերի առումով», – նշում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը: Ավելին, ըստ նրա`աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկություն կա Տաջիկստանում ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կուտակած փորձը: Այս տարի լրանում է գործակալության կազմավորման 20 տարին:
Նունե Հովսեփյան