Հակառակ դեպքում 10 իրավաբան՝ ամենատարբեր դիրքերի, նոր տարվա գիշերը բացատրություն էին տալու խալաթների գողության համար. Տիգրան Աթանեսյան

Հարցազրույց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:

Բացասական առումով` սահմանադրության փոփոխումը, դրական կոնկրետ բան չեմ կարող նշել:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

Որևէ ակնկալիք չունեմ:

Արդյոք մեր երկում դրակա՞ն տեղաշարժ է արձանագրվել արդարադատության տեսանկյունից:

Չեմ կարծում:

Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:

Բնականաբար՝ ոչ:

Ինչպե՞ս եք նշել Ամանորը:

Տանը՝ ընտանիքիս հետ:

Ըստ Ձեզ ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:

Հայկ Կյուրեղյանի գործը: Ի՞նչ էր արել այդ տղան, որ 9 տարի ազատազրկման ենթարկեցին: Վատագույն դեպքում մի տարի պայմանական էր հասնում:

Որևէ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպք կարո՞ղ եք պատմել պրակտիկայից:

Զավեշտալի դեպքեր շատ կան, ուղղակի հաճախ դա կապված է դատաքննության ողջ ընթացքի հետ: Միգուցե՞ այս դեպքը՝ վկային 1 ժամ հարցաքննում ենք, վերջում մեղադրողը ասում է՝ հրապարակենք նախաքննական ցուցմունքը, բոլորս զարմացանք, քանի որ գրեթե ոչ մի տարբերություն չկար, ես առարկեցի, ասացի՝ վկայի ցուցմունքներում հակասություն չկա, մեղադրողը մի հակասություն բերեց, ասում եմ՝ բայց այս վկան նման նախաքննական ցուցմունք չի տվել, մեղադրողը զարմացած նայեց վկային ու հարցրեց. «Բա քո անունը Վալոդ չի», վկան, բնականաբար, Վալոդը չէր:

Իսկ ամանորի հետ կապված ի՞նչ հետաքրքրաշարժ հուշեր ունեք:

Հիմնական զավեշտները լինում են, երբ ընկերներով ամսի 31-ին բաղնիք ենք գնում (14 տարի պահում ենք ավանդույթը): Նախավերջին անգամ մեր ընկերներից մեկը խմեց 20 հատ «Ռեդ բուլլ», հերիք չի գիտակցությունը չգնաց, վերջում էլ վերցրեց ու տարավ 10 հատ խալաթ: Ավելի ուշ՝ նա էլ չէր կարողանում բացատրել, թե ինչու, ամեն դեպքում լրացուցիչ 150.000 դրամ հաշիվ փակեցինք, ստիպված վերադարձել էինք, լավ է՝ մեր հեռախոսահամարն ունեին, հակառակ դեպքում 10 իրավաբան՝ ամենատարբեր դիրքերի, նոր տարվա գիշերը բացատրություն էին տալու խալաթների գողության համար:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել