Հարցազրույց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:
Ո՞րն էր 2015թ. կարևորագույն իրավական իրադարձությունն Ձեր կարծիքով:
Անկասկած, 2015թ. ամենակարևորագույն իրադարձությունն ինձ համար սահմանադրական փոփոխություններն էին, որոնցով, ըստ էության, դրվեց մեր երկրի կառավարման փիլիսոփայության արմատական փոփոխությունների հիմքը: Կարծում եմ, որ բավականին հավակնոտ ու ռիսկային փոփոխություններ են, և մեր հասարակությունը դրանք մարսելու և այդ փոփոխություններին հարմարվելու, ընտելանալու խնդիր ունի, իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Եվ այդ ժամանակը ցույց կտա` Ճի՞շտ էր Սահմանադրության այսպիսի արմատական փոփոխությունը, թե՞ սխալ:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:
Իմ ակնկալիքները մեծ են, տրամադրված եմ լավատեսորեն: Ճիշտ է, բոլոր առումներով ծանր տարի է սպասվում, սակայն կյանքը պայքար է, և մենք պարտավոր ենք հաղթանակով դուրս գալ այդ պայքարում: Կցանկանայի, որ իրապես բեկում լիներ դատական համակարգում, որ յուրաքանչյուր դատավոր Հայաստանի Հանրապետության անունից հրապարակեր միայն ու միայն արդար դատական ակտ: Ակնկալում եմ, որ վերջապես բեկում կկատարվի քրեակատարողական համակարգում, որ այդ համակարգը կանոնակարգող իրավական ակտերը վերջապես կկենսագործվեն և զերծ կմնան այս կամ այն սուբյեկտի քմահաճույքից, զբաղեցրած դիրքից ու օրվա տրամադրությունից: Եվ վերջապես, գլոբալ առումով, ակնկալում եմ, որ գալիք տարին լինի խաղաղ և ստեղծագործական տարի:
Արդյոք մեր երկում դրական տեղաշարժ է արձանագրվե՞լ է արդարադատության տեսանկյունից:
Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք արդարադատության տեսանկյունից դրական տեղաշարժ ասելով, սակայն այդ առումով տարին կբաժանեի երկու մասի, կամ լավի ու վատի:
Վատ էր, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հեռացավ պաշտոնից, լավ էր, որ նրան փոխարինեց երիտասարդ գեղեցկուհի Արփինե Հովհաննիսյանը:
Ցավոք, այլ տեղաշարժ ես անցնող տարում չեմ նկատել:
Իսկ եթե ավելի լուրջ, օրակարգում են գտնվում և հասարակական քննարկման սեղանին են դրված բավականին լուրջ ու հավակնոտ ծրագրեր, մասնավորապես` քրեական դատավարության նոր օրենսգիրքը, նոր քրեական օրենսգիրքը, պատրաստվում է պրոբացիոն համակարգի ներդրումը, ինչն իրոք շատ կարևոր է և մի շարք այլ հարցեր:
Ակնկալում եմ, որ 2016թ. կլինի այս հարցերի լուծման տարի:
Կոռուպցիան իրավական ոլորտում նվազե՞լ, թե՞ աճել է 2015թ.-ին:
Իսկ կա՞, արդյոք, որևէ ելակետային տվյալ, որ մենք կարողանանք պատկերացում կազմել և համեմատել` նվազե՞լ է, թե՞ ոչ:
Ես կարող եմ ընդհանրական գնահատական տալ և արձանագրել, որ այդ չարիքը լրջագույն սպառնալիք է մեր հասարակության և պետության զարգացման համար, և ցավոք սրտի, չեմ տեսնում այնպիսի բեկումնային ընթացք կամ պայքար, որը հնարավորություն կտա խոսելու կոռուպցիայի ծավալների նվազեցման մասին: Արձանագրենք, որ երկար ճանապարհ ունենք անցնելու` այս աղտից ձերբազատվելու համար: Եվ, իմիջիայլոց, իսկ ո՞վ է իրապես պայքարում կոռուպցիայի դեմ: Վստա՛հ եղեք, եթե իրական պայքար լինի, շոշափելի արդյունքն էլ տեսանելի կլինի:
Գո՞հ եք գործադիր և օրենսդիր մարմնի աշխատանքներից:
Գիտե՛ք, միայն այն հանգամանքը, որ հենց այդ մարմինները ներկայացնող անձինք են դժգոհություն հայտնում իրենց գործունեությունից, և արձանագրում, որ կատարված աշխատանքները բավարար չեն, ես չեմ կարող գոհ լինել:
Ո՞րն է տարվա սկանդալային դատական գործը:
Միանշանակ Վ. Պերմյակովի դատավարությունը և առհասարակ, 2015թ. որպես սկանդալային, իր բնույթով հակամարդկային հանցավոր արարք ես համարում եմ Գյումրիի ողբերգությունը, որի հետևանքով զոհ գնաց մի ողջ ընտանիք:
Ավելին, այդ գործի վերաբերյալ ողջ իրավական գործընթացն եմ համարում սկանդալային և իսկապես ափսոսում եմ, որ մենք չկարողացանք լիարժեքորեն իրացնել Հայաստանի Հանրապետության` որպես ինքնիշխան պետությանը բնորոշ քայլեր` իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Ի՞նչ զավեշտալի կամ հետաքրքրաշարժ դեպքեր եք հիշում Ձեր պրակտիկայից:
Դրանք իսկապես շատ են, բայց նշեմ մեկը, որ վերջերս է տեղի ունեցել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանում պետք է մասնակցեի դատական նիստի, որպես պատասխանողի ներկայացուցչի: Հասնելով Ստեփանակերտ, փորձեցի ճշտել, թե որտեղ է գտնվում դատարանի շենքը և առաջին պատահած հետիոտնից խնդրեցի հայտնել, թե ինչպես գնամ դատարան:
Քաղաքացին փորձեց օգնել և Ղարաբաղի ակցենտով ասեց.
-Կյամ ես ուղիղ, յետը աջ, յետը ձախ, յետը տենըմ ես շենք, վրին կիրածա պրակուրատուրա:
Ժպիտը դեմքիս շարունակեցի վարել ավտոմեքենան, հույսով, որ հաջորդ անցորդից կիմանամ, թե ինչպես հասնեմ դատարան: Անկեղծորեն ասեմ, որ 4 այլ քաղաքացիներ նույն բանն ասեցին` պրակուրատուրա: Հասկացա, որ Ստեփանակերտում մեծ տարբերություն չեն տեսնում դատարանի ու դատախազության միջև:
Վերջապես գտա դատարանի շենքը և ներս մտնելով նիստերի դահլիճ, լուռ սպասում ենք դատական նիստի մեկնարկին:
Եվ այդ պահին լսվեց կարգադրիչի հզոր ձայնը.
-Ոտքի՛, սյուդը կյալումա:
Խելոք, մի փոքր էլ զգաստացած ոտքի կանգնեցինք, դիմավորեցինք սյուդին ու հավեսով սյուդ արեցինք…
Ինչպե՞ս եք նշում Ամանորը:
Ավանդույթի ուժով, Ամանորը նշում ենք հայրական տանը և դեկտեմբերի 31-ին, ժամը 12-ին չորս եղբայրներով, մեր ընտանիքների հետ միասին, ծնողներիս գլխավորությամբ դիմավորում ենք նոր տարին, սեղանի շուրջ քննարկում անցնող տարվա կարևոր իրադարձությունները, վերլուծում արածն ու չարածը և, ինչ խոսք, խոսում նպատակների մասին, որոնք կարող են իրականացվել գալիք տարում:
Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք Ամանորից:
Որքան մեծանում, ամանորը յուրովի ենք ընդունում ու ընկալում: Իմ մանկության ու պատանեկության բոլոր նոր տարիներն էլ հետաքրքիր են եղել:
Մանուկ հասակում նոր տարվա ամենախորհրդավոր ու ամենասպասված պահն ինձ համար եղել է առավոտյան քնից արթնանալն ու բարձի տակ Ձմեռ պապիկի բերած նվերը փնտրելը:
Ես կորցրեցի հետաքրքությունս նոր տարվա նկատմամբ, երբ մեծացա, երբ հեռվում մնաց մանկությունս, երբ հասկացա, որ Ձմեռ պապիկը միայն հեքիաթներում է լինում:
Այժմ ուրախանում եմ, երբ իմ բալիկներն են վայելում իրենց մանկությունը և բարձի տակից առավոտյան հանում Ձմեռ պապիկից ստացած նվերները…
Գ.Թ.
Իրավաբան.net