Ո՞րն էր 2015-ին ընդունված ամենաաբսուրդային որոշումը. պատասխանում է Արամ Վարդևանյանը

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանը պատասխանում է Իրավաբան.net-ի տոնական, ամփոփիչ հարցերին:

Ըստ Ձեզ, ինչո՞վ էր առանձնահատուկ 2015 թվականը` իրավական ոլորտում կատարված փոփոխությունների առումով: Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եղան:

Այս հարցին պատասխանելիս պետք է նշենք այն, որ հանրաքվեի արդյունքում ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով Հայաստանը լուրջ քայլ է կատարում դեպի ժողովրդավարություն, դեպի սահմանադրականություն, դեպի իրավունքի գերակայություն:

Ո՞րն էր այն քայլը, որը միգուցե մեծ հարված էր արդարդատության համակարգին:

Կարծում եմ այդ «քայլը» 2005 թվականից առկա էր: Այն, որ արդարադատության խորհրդի նիստերը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, թեկուզ առանց քվեարկության իրավունքի, լուրջ խոչընդոտ էր այդ մարմնի լիարժեք անկախությանը` իր բոլոր բացասական հետևանքներով: Այդ իսկ պատճառով առանցքային նշանակություն ունի այն, որ սահմանադրական փոփոխություններով այս հարցին տրվեց լիարժեք լուծում և այդ խոչընդոտը վերացվեց:

Ո՞րն էր Ձեզ համար ամենազդեցիկ դատական գործը:

Կարծում եմ, պետք է նշել սույն թվականի հոկտեմբերի 20-ին Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումը, որի արդյունքում հստակեցվեցին լրագրողների տեղեկատվության աղբյուրի բացահայտման իրավակարգավորման շրջանակները: Նշված որոշումը լրջագույն քայլ էր խոսքի ազատության, լրագրողների գործունեության պաշտպանության համար:

Ո՞վ է այն իրավաբանն, ով այս տարի առավելապես աչքի ընկավ իր ազնվությամբ և մասնագիտական լուրջ գիտելիքներով ու հմտություններով:

Ես կցանկանամ նշել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Այսօր դատախազները հանրության մեջ վայելում են վստահության շատ ավելի բարձր մակարդակ, ինչը ուղղակիորեն պայմանավորված է Դատախազության համակարգում կոռուպցիայի, երկակի վերաբերմունքի դրսևորման դեպքերի վերացմամբ: Կարծում եմ, պետք է նշել նաև գլխավոր դատախազի հետևողական և սկզբունքային գործողությունները, որոնց արդյունքում Վալերի Պերմյակովի նկատմամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական գործի վարույթը հանձնվեց ՀՀ իրավապահներին:

Աբսուրդային իրավական փաստաթղթեր հանդիպե՞լ եք այս տարի, որո՞նք էին և ի՞նչու:

Ցավով պետք է նշեմ, որ այդպիսի փաստաթուղթ հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանի կողմից «սադրիչ հարցեր ուղղելու» համար ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Փաստաբանները ունեն լրջագույն դերակատարում մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում, այդ իսկ պատճառով է, որ վերջիններս իրավասու են այդ իրականացնել օրենքով չարգելված բոլոր միջոցներով, և դա, իհարկե, իր մեջ ներառում  է նաև սադրիչ հարցեր տալը: Այդ իսկ պատճառով նման որոշումը լուրջ հարված կարող էր հանդիսանալ մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և փաստաբանական ողջ համայնքի համար: Միաժամանակ, շատ ողջունելի է այն, որ որոշակի ժամանակ անց, ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումին, ՀՀ Քննչական կոմիտեի կողմից կարճվեց այդ քրեական գործը:12434618_1182121315135335_160269901_n

Դուք, Ձեր կինը ի՞նչ եք խնդրել Ձմեռ Պապիկից:

Անկեղծ ասած, նամակ ենք գրել Ձմեռ Պապիկին և հուսով ենք պատասխանը օրենքով սահմանված ժամկետներում և կարգով կտրամադրվի մեզ:

Ինչպե՞ս եք դիմավորում Ամանորը:

Ամանորը դիմավորելու ենք տանը, ընտանեկան միջավայրում` վայելելով ընտանեկան ջերմությունը:

-2016-ից ձեր ակնակալիքներն ու մաղթանքը:

Հիմնական ակնկալիքը, որը ունեմ 2016 թվականից, տեսնել իմ հարազատներին, մտերիմներին առողջ և երջանիկ: Հիմնական մաղթանքս, կարելի է ասել, այն է, որ 2016-ը բերի խաղաղություն, բոլոր ընտանիքներում տիրի երջանկության և սիրո մթնոլորտ: Ցավոք, գրեթե բոլոր մարդիկ ունեն խնդիրներ, խոչընդոտներ, սակայն դրանցից պետք չէ ընկճվել, այլ պետք է երբեք ու երբեք չհանձնվել: Ինչպես ասում են սահմանները կհաղթահարի միայն գնացողը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել