Արդարադատության նախարարությունը նախազգուշացնում է վարչական պատասխանատվության մասին

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ծանուցումները կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների կողմից  գործակալությանը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Միաժամանակ գործակալությունը հայտարարում է, որ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո այն անձնական տվյալներ մշակողները, ովքեր կշարունակեն օրենքով սահմանված ծանուցումները չտրամադրել, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ ծանուցումները հարկավոր է ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն՝ ք. Երևան, Հալաբյան 41ա:

Նախարարությունը հիշեցնում է, որ 2015թ-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Մշակողը մինչև կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցել տվյալներ մշակելու մտադրության մասին»: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այն մշակողները, որոնք անձնական տվյալներ մշակել են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և շարունակում են անձնական տվյալներ մշակել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, պարտավոր են սույն օրենքով նախատեսված պարտադիր ծանուցումն ուղարկել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Անձնական տվյալներ մշակողի կողմից անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին չծանուցելը կամ ծանուցման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016թ-ի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել