Շվեդիայից Հայաստան սխալմամբ ամուսինների են ուղարկել

Հայաստան Շվեդիայի երկու քաղաքացիներ են սխալմամբ ուղարկել: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց փաստաբան Վահե Սեդրակյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին Շվեդիայից Հայաստանի Հանրապետություն սխալմամբ մեկ անձի էին ուղարկել: Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ ներկայումս հիմքերը նույնն են՝ Շվեդիայի հայկական ներկայացուցչությունը հավաստիացրել է, թե այդ մարդիկ ՀՀ քաղաքացի են:

«Նրանք ամուսիններ են, մեկը լուրջ հիվանդություն ունի՝ մի երիկամը հեռացրել են, իսկ գլուխը՝ վիրահատել: Նույն խնդիրն է, ուղարկել են Հայաստան, այս մարդիկ եկել են, շիվարած են, ոչ տուն ունեն, ոչ էլ տեղ, երկու օր փողոցում են քնել, ես տեղ եմ ճարել, ժամանակավոր բնակվում են»,- նշեց Վահե Սեդրակյանը, ում դիմել են Շվեդիայի քաղաքացիները՝ խնդրելով իրավաբանական օգնություն ցուցաբերել իրենց:

Փաստաբանի փոխանցմամբ՝ սխալմունքը պայմանավորված է Շվեդիայում հայկական դեսպանատան ոչ ճիշտ աշխատանքով: Վահե Սեդրակյանը նամակով դիմել է մեր ԱԳՆ-ին, դեռևս պատասխան չկա:

Շվեդիայից Հայաստան են ուղարկել 60-ամյա Սալիմ Գավադովին և 64-ամյա Լենա Գրիքորյանին. «Այս մարդիկ մտել են օվիռ, ասել են, եթե համարում եք, որ այստեղի քաղաքացի ենք, տվեք անձնագիր, օվիռից էլ ասել են՝ գնացեք, մի խոսքով՝ քաոսային մի իրավիճակ է»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ երկու անձանց հարազատները Շվեդիայում են, նրանք երկուսն էլ երբեք Հայաստանում չեն եղել. «Ըստ երևույթի, որ կնոջ ազգանունը Գրիքորյան է, ընդ որում «ք»-ով է, երևի դա է պատճառը, որ նրան դեպորտ են արել, նույն տրամաբանությամբ Քիմ Քարդաշյանին էլ պետք է դեպորտ անեն, այսինքն՝ եթե ազգանուններով են որոշում, ապա բոլոր արտասահմանցիներին, որոնց ազգանունն ավարտվում է «յան»-ով հարկավոր է դեպորտ անել Հայաստան»,- նշեց փաստաբանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել