«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի քաղաքային համայնքի Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասից 1,4 հա մակերեսով հողամասը հետ կվերցրվի: Նման որոշման նախագիծ է ներկայացված կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում:
Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուց և հողամասի շուկայական արժեքի գնահատումից հետո` այն որպես կանոնադրական կապիտալում նախատեսվում է փոխանցել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը:
Նշվում է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար:
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացվող շենք-շինությունների վերակառուցման, տարածքների բարեկարգման, տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում նոր՝ արդի պահանջներին համապատասխանող տաղավարի կառուցման նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող այդ տարածքում արժեքավոր ծառեր չկան: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Երևանի անտառապետ Վարդան Հովհաննիսյանը:
«Մի քանի հատ վայրի թթենիներ են, քարքարոտ տարածք է, հաստաբուն ծառեր չկա, մասրենի է, ալոճ և ցախակերասի: Հիմնականում բացած տարածք է, ժայռոտ և քարքարոտ տեղեր են»,- փոխանցեց պարոն Հովհաննիսյանը: