Ինչպես վերաքննիչ ատյանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և փոխահատուցման 30 հազար դրամին ավելացվեց ևս 800 հազար

Վանաձորի 8-րդ դպրոցի տնօրենի և նախկին ուսուցչուհու միջև դատական վեճերի սկիզբը դրվեց դեռեւս 2004թ-ի սեպտեմբերին, երբ տնօրեն Կարինե Ստեփանյանը դպրոցների օպտիմալացման շրջանակներում աշխատանքից ազատման հրաման էր տվել ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին:  Այդ օրվանից ի վեր դպրոցի տնօրենի եւ նախկին ուսուցչուհու միջև տեղի են ունեցել տասնյակից ավել դատական քննություններ:

2013 թվականի օգոստոսի 5-ին Կարինե Ստեփանյանը դիմել է ՀՀ Լոռու մարզի դատարան՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավին հասցված վնասի փոխահատուցման պահանջով: Բանն այն է, որ Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին «Կիսաբաց լուսամուտներ» հաղոդրման ժամանակ Կարինե Ստեփանյանի վերաբերյալ արել էր արտահայտություններ, որոնք դպրոցի տնօրենը զրպարտող և վիրավորական է համարել:

Ի դեպ, գործն արդեն շուրջ երկու տարի է դատարանի վարույթում է, սակայն դեռևս նշանակվում են նախանական նիստեր: Հերթական նախնական դատական նիստը նշանակված էր սեպտեմբերի 25-ին:

unnamed

Կարինե Ստեփանյան

Կարինե Ստեփանյանն իր հայցադիմումի հիմնավորումների մեջ նշել է, որ տարիներ առաջ Սուսաննա Սարգսյանը դիմել է ՀՀ դատախազություն՝ Կարինե Ստեփանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով՝ պատճառաբանելով, որ Կարինե Ստեփանյանը վաճառել է դպրոցին պատկանող տնակներ՝ յուրաքանչյուրը 230,000 ՀՀ դրամ արժողությամբ:

Հիմնավորումներում նշվել է նաեւ, որ տնակների արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է եղել միայն դպրոցի տնօրենին եւ ՀՀ Լոռու մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության աշխատակիցներին, ինչի հիման վրա Կարինե Ստեփանյանը հայցադիմում նման եզրահանգում է արել.

«…մատնությանը մասնակցել է նաև նրա հարազատ եղբայրը` Լոռու մարզպետարանի ֆինանսասոցիալական վարչության աշխատակից Ռոբերտ Արամայիսի Սարգսյանը, որն աշխատելով ֆինանսական վարչությունում՝ չարաշահելով պաշտոնական դիրքը, վարչությունում գտնվող դպրոցի հաշվեկշռից վերցրել է քրոջ կողմից մատնացույց արված տնակների արժեքը, և ծառայողական այդ ինֆորմացիան անձնական նպատակներով փոխանցել է Սուսաննա Սարգսյանին` դրանով մասնակից դառնալով կազմակերպված մատնությանը»:

Իր հայցադիմումում տնօրենն անդրադարձել է նաև Սուսաննա Սարգսյանի կողմից ասված այն արտահայտությանը, թե ինքը վաղուց մոռացել է մանկավարժի առաքելությունը՝ նկատի ունենալով այն, որ դասաժամեր չունի: Սրա վերաբերյալ հայցադիմումում տնօրենը գրել է. «Միայն Սուսաննա Սարգսյանի պես մարդը կարող էր անել այդ արտահայտությունները, ում «մանկավարժի առաքելությունը»  չխանգարեց խաբեությամբ կողոպտելու հարազատ դպրոցը, ուր ինքը ոտք էր դրել 7 տարեկան հասակում, որի շրջանավարտն է ոչ միայն ինքը, այլև իր երեք եղբայրները և ազգուտակը: Ցավոք այդ ամբոխի մեջ չգտնվեց մեկը, որը կասեր Սուսաննա Սարգսյանին «պայքարիր քեզ հասանելիքի համար», ոչ թե հարազատ դպրոցից ավել պատառ փախցնելու, ինչին խաբեությամբ տիրանալու պատճառով դպրոցի աշխատողները պետք է զրկվեին իրենց աշխատավարձերից, աշակերտները՝ ծնողների կողմից հավաքված դասագրքերի գումարներից /5.000.000 դրամից/, դպրոցի տնօրենն էլ՝ իր աշխատանքից»:

hqdefault

Սուսաննա Սարգսյան

(2004 թվականից ի վեր Սուսաննա Սարգսյանը աշխատանքից ազատվելուց հետո մի քանի քաղաքացիական գործերի շրջանակներում դատական կարգով պահանջել եւ ստացել է գումարային բավականին մեծ փոխահատուցումներ՝ ավելի քան 9 միլիոն ՀՀ դրամ):

Հայցադիմումում նշված արտահայտությունները հիմք են դառնում մեկ այլ հայցապահանջի համար

Վերոնշյալ արտահայտությունները, որոնք «Կարինե Ստեփանյանն ընդդեմ Սուսաննա Սարգսյանի»  գործով Կարինե Ստեփանյանը ներկայացրել է իր հայցադիմումում, վիրավորանք և զրպարտություն է որակել Սուսաննա Սարգսյանի եղբայրը՝ Ռոբերտ Սարգսյանը և դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հայցվոր Ռոբերտ Սարգսյանը նշել է նաև, որ բացի վերոնշյալ արտահայտություններից՝ Կարինե Ստեփանյանը հայցադիմումի պատասխանը փոստով ուղարկելիս ծրարի վրա Ռոբերտ Սարգսյանի անուն-ազգանունը գրել է փոքրատառերով, ինչը, ըստ հայցվորի, կատարվել է Ռոբերտ Սարգսյանին վիրավորելու միտումով:

Ռոբերտ Սարգսյանը, ում ներկայացուցիչն այս գործով առաջին ատյանի դատարանում եղել է Սուսաննա Սարգսյանը, պահանջել է պարտավորեցնել Կարինե Ստեփանյանին հրապարակայնորեն հերքել այդ ամենը և նրանից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես փոխահատուցում:

Նշենք, որ հայցվորը որպես զրպարտություն ու վիրավորանք է որակել մատնության վերաբերյալ արտահայտությունը, իսկ մյուս երկուսը՝  իր անուն-ազգանունը փոքրատառերով գրելը և վերոնշյալ մյուս պարբերության մեջ նշված ամբոխ բառը՝ վիրավորանք:

Առաջին ատյանի դատարանը զրպարտություն չի համարում

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, Ռոբերտ Սարգսյանի հայցապահանջը բավարարել է մասնակի:

Մատնության մասին արտահայտությունը համարել է վիրավորանք և պարտավորեցրել Կարինե Ստեփանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ նամակի միջոցով, և որպես փոխահատուցում վճարել Ռոբերտ Սարգսյանին 30 հազար դրամ:

Իսկ մատնության վերաբերյալ արտահայտությունը զրպարտություն չի համարել՝ հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ  մասի 1-ին կետը, որը սահմանում է.

«Փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում»:

Իսկ անունը փոքրատառերով գրելու վերաբերյալ պատասխանողը դատարանում հայտնում է, որ նամակն ուղարկելիս փոստային բաժանմունքում հոսանք չի եղել, աշխատանքային օրվա ավարտն է եղել, շտապել են, ինչի հետևանքով էլ վրիպակ է եղել:

Վերաքննիչ ատյանը սակայն 30 հազար դրամը ողջամիտ չափ չի համարել և սահմանել է եւս 800 հազար դրամ

Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Աստղիկ Խառատյանի, սակայն մասնակի բեկանել ու փոփոխել է առաջին ատյանի վճիռը, ինչի հետևանքով՝ փոխահատուցման 30 հազար դրամին գումարվել է եւս 800 հազար դրամ, այսինքն՝ ավելի քան 25 անգամ մեծ գումար: Վերաքննիչ ատյանը իրավաչափ չի համարել սահմանված 30 հազար դրամի փոխահատուցման չափը: Վերաքննիչ դատարանը համարել է, որ մատնության մասով արտահայտությունը ոչ միայն վիրավորանք, այլև զրպարտություն է՝  հետևյալ հիմնավորմամբ.

«… ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը սույն դեպքում կիրառելի չէր, քանի որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ԼԴ1325/02/13 (Կարինե Ստեփանյանն ընդդեմ Սուսաննա Սարգսյանի») քաղաքացիական գործով Ռոբերտ Սարգսյանը կողմ չի հանդիսացել, կողմերն են Սուսաննա Սարգսյանը և սույն գործով պատասխանող Կարինե Ստեփանյանը, հետևաբար, Ռոբերտ Սարգսյանին վերաբերող տեղեկությունները դատարան ներկայացված փաստաթղթերում արտացոլելը չէր կարող դիտվել որպես կողմի դատավարական իրավունքների իրականացման արդյունքում կատարված ողջամիտ գործողություն»:

Վերաքննիչ ատյանը իրավաչափ չի համարել նաև առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ «ամբոխ» բառը վերոհիշյալ արտահայտության համատեքստում վիրավորական չէ: Մի քանի բառարաններում նշված «ամբոխ» բառի հոմանիշները նշելուց հետո վերաքննիչ ատյանն իր որոշման մեջ գրել է.

«Այսինքն «ամբոխ» բառն ունի ինչպես ոչ վիրավորական, այնպես էլ վիրավորական, անարգական իմաստ, հետևաբար, նշված բառը վիրավորական կամ ոչ վիրավորական գնահատելու համար անհրաժեշտ է այն գնահատման արժանացնել ընդհանուր տեքստի վերլուծությամբ: Իսկ տվյալ դեպքում գնահատման այս կանոնի լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ «ամբոխ» բառը Կարինե Ստեփանյանի կողմից օգտագործվել է վիրավորանքի նպատակով»:

Այս գործով վերաքննիչ ատյանի որոշումն ընդունվել է սեպտեմբերի 9-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարանում: Ի դեպ, Կարինե Ստեփանյանը նշեց, որ այս գործով վերաքննիչ ատյանը որոշման հրապարակման օր է նշանակել հուլիսի 9-ը, սակայն այդ օրը գործի քննությունը վերսկսվել է՝ դատարանի կողմից կողմերին հարցեր ունենալու պատճառաբանությամբ, և նիստի օր է նշանակվել օգոստոսի 27-ը:

Կարինե Ստեփանյանը սակայն 2015թ-ի օգոստոսի 24-ին  ՀՀ վերաքննիչ դատարանին ներկայացրել է գրավոր դիմում՝ օգոստոսի 27-ին կայանալիք դատական նիստը հետաձգելու եւ իր բացակայությամբ դատական քննություն չկատարելու խնդրանքով, քանի որ նույն օրը վերջինս պետք է մասնակցեր հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա օգոստոսյան կոնֆերանսին, որը նվիրված էր 2015-2016 ուսումնական տարվա տարեկան աշխատանքներին. և կոնֆերանսին բոլոր տնօրենների մասնակցությունը պարտադիր էր:

Սակայն դատական նիստն, այնուամենայնիվ, կայացել է և որոշման հրապարակման օր է նշանակվել սեպտեմբերի 9-ը, ինչի մասին Կարինե Ստեփանյանը չի ծանուցվել: Եվ միայն 2015թ-ի սեպտեմբերի 14-ին  նա ստացել է դատական ակտը:

Միաժաման, նշված ժամանակահատվածում տվյալ գործով վերաքննիչ դատարանի կազմում տեղի է ունեցել դատավորների փոփոխություն, որի մասին Կարինե Ստեփանյանը ևս տեղեկացված չի եղել:

Նշենք նաև, որ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ սակայն պարզ չեն փոխհատուցման  նման մեծ գումար սահմանելու հիմքերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատվին և արժանապատվությանը հասված վնասների հատուցման գործերի պրակտիկայում նման խոշոր հատուցումներ դատարանի կողմից սահմանվում են խիստ հազվադեպ, իսկ սահմանելիս հաշվի են առնվում վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 11-րդ կետի 1-ի ենթակետը: Նշված դրույթի վերաբերյալ առկա են նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որոնցում նշված է, որ մեծ չափով փոխհատուցում կարող է սահմանվել, եթե վիրավորանքի կամ զրպարտության մասին տեղեկատվությունը տարածվել է զանգվածային լրատվական միջոցներով եւ այդ տեղեկատվությունը հասանելի է եղել մեծ թվով անձանց համար:

Իսկ տվյալ գործով Ռոբերտ Սարգսյանի կողմից որպես վիրավորանք եւ զրպարտություն որակված տեղեկատվությունը հրապարակվել է ոչ թե լրատվամիջոցի կողմից, այլ տեղ է գտել  Կարինե Ստեփանյանի կողմից մեկ այլ գործով ներկայացված հայցադիմումի հիմնավորումների մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել