«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և մի քանի օր անց մահացած 26-ամյա ծննդկանի և նրա նորածին երեխայի մահվան գործով նախաքննությունը շարունակվում է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանը:
Փաստաբանին և հարազատներին այս պահին բավարարում է նախաքննության ընթացքը, օրենքի որևէ շեղում տեղի չի ունեցել, իսկ լինելու դեպքում նրանք անպայաման կբարձրաձայնեն: Խոսելով Շուշանիկ Բախշյանի որպես վկա հարցաքննության մասին` Մարինե Թովմասյանը ասաց.
«Բնական է, այս պահին Շուշանիկը կարող էր որպես վկա հարցաքննվել: Որպես կասկածյալ գործին ներգրավելու համար միգուցե դատահոգեբուժական փորձաքննությունից հետո պետք է ներգրավվեր, բայց առայժմ մենք համբերատար սպասում ենք»:
Մարինե Թովմասյանը գտնում է, որ միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո որոշակիորեն պարզ կլինի`անձը մեղավոր է, թե՝ ոչ:
Լաուրա Մամյան