Ինչպե՞ս է կատարվում երեխաների որդեգրումը

Որդեգրումը կատարում է դատարանը՝ երեխային որդեգրել ցանկացող անձի (անձանց) դիմումով։ Երեխայի որդեգրումը հաստատելու մասին գործի քննությունը դատարանը կատարում է հատուկ վարույթի՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի և որդեգրել ցանկացող անձի պարտադիր մասնակցությամբ:
Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:
Երեխաներին որդեգրման հանձնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրողների ընտանիքներում երեխաների կյանքի և դաստիարակության պայմանների վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Որդեգրված երեխայի և որդեգրողի (որդեգրողների) իրավունքներն ու պարտականությունները ծագում են որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանի խոսքով` դատարանը պարտավոր է երեխայի որդեգրումը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում այդ վճռի քաղվածքն ուղարկել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին՝ ըստ վճիռ կայացնելու վայրի:
«Երեխայի որդեգրումը ենթակա է պետական գրանցման` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»,- նշեց նա:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել