Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կօգնի բարձրացնել վստահությունը դատարանների հանդեպ. Արման Թաթոյան

1999 թվականին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքն արդեն հնացել է: ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորությունները չէին համապատասխանում գործող օրենսգրքի հետ: Արդյունքում ի հայտ եկան  խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեին:

Հենց այդ ժամանակ էլ առաջացավ քրեական դատավարության նոր օրենսգիրք ունենալու գաղափարը: Նոր օրենսգրքի նախագիծը մշակելու նպատակով 2010 թվականին ձևավորվեց աշխատանքային խումբ:

Շատ դրույթներ սահմանելիս աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է այս կամ այն նորմը կիրառելի մեր իրականության մեջ:

Իրավաբան.net-ի զրուցակիցը Արդարադատության փոխնախարար, Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Արման Թաթոյանն է:

-Պարոն Թաթոյան, նոր օրենսգրքի նախագծով ներդրվում է լրիվ նոր ինստիտուտ՝ ցուցմունքների դեպոնացումը: Այն բավական բուռն քննարկումների առարկա էր դարձել վերջին շրջանում: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և որքանո՞վ է կիրառելի մեր իրականության մեջ:

Ինքնին դեպոնացումը չի կարող ավելի վատը լինել, քան գործող համակարգը: Դեպոնացված խոստովանական ցուցմունքը ընդամենն ապացույց է, և հետագայում մեղադրյալը կարող է հրաժարվել դրանից կամ տալ այլ ցուցմունք։ Եթե դրանից հրաժարվելու հիմնավորումը համոզիչ է կամ նոր ցուցմունքը՝ առավել արժանահավատ, ապա դատարանը կարող է դեպոնացված ցուցմունքով հավաստված փաստերը հաստատված չհամարել։

Միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքի հիման վրա անձը չի կարող դատապարտվել։ Այն կարող է անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, միայն եթե հիմնավորվել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների բավարար ամբողջությամբ: Եթե անձը դատապարտվել է միայն դեպոնացված խոստովանական ցուցմունքի հիման վրա, ապա վերաքննիչ վարույթում դա դատավճռի բեկանման անվերապահ հիմք է։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանը պարտավոր է այդ հիմքով բեկանել դատավճիռը, նույնիսկ եթե վերաքննիչ բողոքը այդ հարցին չի վերաբերում։ Եթե Վերաքննիչ դատարանում սխալը չի ուղղվել, ապա դա վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու անվերապահ հիմք է՝ անկախ օրենքի միատեսակ կիրառության հարցից Վճռաբեկ դատարանը պարտավոր է այդ հիմքով բեկանել դատավճիռը, նույնիսկ եթե վճռաբեկ բողոքը այդ հարցին չի վերաբերում։

Եթե անգամ վճռաբեկ դատարանում սխալը չի ուղղվել, ապա առանց ժամկետի սահմանափակման՝ դա հիմնարար խախտման հիմքով վերանայման բողոք բերելու հիմք է:

-Դեպոնացման ինստիտուտի ներդրմանը դեմ արտահայտվողներից շատերը, հիմնականում իրենց նման մոտեցումը պատճառաբանում են այն հանգամանքով, որ  Հայաստանում այդ ինստիտուտը կարող է չարաշահվել: Դրանից խուսափելու համար ի՞նչ նորմեր կան սահմանված:

Խոստովանական ցուցմունքի դատական դեպոնացումը չի կարող չարաշահվել: Այն իրականացվում է բացառապես այն դեպքում, երբ անձը պաշտպան չունի: Ի տարբերություն գործող դատավարական օրենսգրքի՝ պաշտպանից կարելի է հրաժարվել միայն պաշտպանի ներկայությամբ: Խոստովանական ցուցմունքի դեպոնացման դեպքում դատավորը նաև մեկուսի հանդիպում է մեղադրյալի հետ և բացատրում վերջինիս իրավունքները:

Նշեմ նաև, որ դատավորը մեղադրյալին լրացուցիչ պարզաբանող հարցեր կարող է տալ ոչ միայն մեկուսի, այլ նաև դատական նիստի ընթացքում: Հարցերը կարող են վերաբերել, օրինակ, հնարավոր բռնություն գործադրելուն. արդյո՞ք նման բան եղել է, թե՝ ոչ: Մեկուսի հանդիպումը չի ձայնագրվում, բայց դատական նիստի ընթացքում դատավորը տալիս է նույն հարցերը և պարզաբանում մեղադրյալի իրավունքները, որն արդեն ձայնագրվում է: Դեպոնացման ինստիտուտը նախաքննության  փուլում հնարավորություն է տալիս մեղադրյալին ծանոթանալու վարույթի նյութերին, որը պաշտպանության առումով շատ կարևոր հնարավորություն է  ընձեռում:

-Նախագծի հայեցակարգային դրույթներից մեկը դատարանակենտրոն դատավարության ապահովումն է: Ո՞րն է դրա նպատակը և որքանո՞վ արդյունավետ կլինի այն:

Դատարանակենտրոն դատավարություն նպատակը նախաքննության ծանրությունը թեթևացնելն է: Ամբողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով: Մեր հիմնական նպատակը դատարանի դերի ուժեղացումն ու մեծացումն է:  Ինչպես նաև, որպեսզի ուժեղացվեն կողմերի հնարավորությունները և դատարանում մրցակցային սկզբունքն ավելի լայնացվի: Նոր օրենսգրքի նախագիծն իր առջև դրված այդ հարցը լուծել է: Լայն հնարավորություններ են ընձեռվում հատկապես պաշտպանական կողմի համար: Պաշտպանը կարող է ներկայացնել ապացույցներ գործին կցելու համար: Ներկայումս այդպես չէ: Ամբողջը կախված է քննիչի հայեցողությունից: Իսկ նոր օրենսգրքով պաշտպանական կողմի ներկայացրած նյութերը համարվում են ապացույց և կցվում գործին, որպեսզի հետագայում  դատարանը դրանք ուսումնասիրելու հնարավորություն ունենա: Պաշտպանության կողմի համար շատ կարևոր է նաև փորձագետի կարծիքի ստացումը: Եթե կողմը գտնում է, որ որևէ հարցի մասին բացի վարույթն իրականացնող մարմնից կարելի է նաև այլ կարծիք ստանալ, ապա կարող է դիմել և ստանալ փորձագետի կարծիք: Դա ինքնին համարվում է ապացույց և քննվում ապացույցների համակցության մեջ:

-Դուք նշեցիք, որ պաշտպանի ներկայացրած ցանկացած նյութ կարող է համարվել ապացույց: Սակայն քննիչն է որոշում, արդյո՞ք տվյալ ապացույցը վերաբերելի է, թե՝ ոչ: Եթե պաշտպանը պարբերաբար ոչ վերաբերելի ապացույցներ է ներկայացնում, ապա քննիչը կարող է դատավարական սանկցիա կիրառել: Արդյո՞ք այս դրույթն իրենից սուբյեկտիվ մոտեցում չի ենթադրում:

Երբ պաշտպանը ներկայացնում է ապացույց, ապա դա արդեն կցվում է գործին: Իհարկե, դրա վերաբերյալ քննիչն իրավունքի ունի դիրքորոշում հայտնելու: Նա կարող է որոշել արդյո՞ք տվյալ նույթը վերաբերելի է, թե՝ ոչ: Եթե պաշտպանը պարբերաբար ներկայացնում է ոչ վերաբերելի նյութեր, ապա քննիչը կարող է դատավարական սանկցիա կիրառել:

Սանկցիաների կիրառման համար իրավաչափության որոշակի պայմաններ է նախատեսել նախագիծը: Նախ այն հստակ նախատեսում է, որ իրավունքների իրականացման չարաշահումը կամ պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափելը, եթե դա խոչընդոտում է դատավարության բնականոն ընթացքին, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է դատավարական սանկցիաներ կիրառել: Նման պարագայում կարող է կիրառվել իրավունքի իրականացման սահմանափակում դատավարական սանկցիան: Այն կարող է կիրառվել բացարկներ հայտնելու,  միջնորդություններ ներկայացնելու, գործին նյութեր կցելու և այլ դեպքերում: Եթե պաշտպանը չարաշահում է իր այդ իրավունքները և խոչընդոտում է գործի քննությանը, ապա քննիչն իրավունք ունի դատավարական սանկցիա կիրառելու: Բայց դա սուբյետիվ լինել չի կարող, քանի որ կան հստակ սահմանված երաշխիքներ:

Քննիչը կարող է սանկցիա կիրառել և արգելել, որ այդ ապացույցը, որն ինքը համարել է ոչ վերաբերելի նորից ներկայացվի՝ գործի նյութերին կցելու նպատակով: Սակայն սա չի նշանակում, որ պաշտպանն այլևս չի կարող այլ ապացույցներ ներկայացնել: Նա սահամանափակվում է միայն այդ ապացույցը ներկայացնելու հարցում: Ի դեպ քննիչի որոշումը պաշտպանը կարող է նաև բողոքարկել:

Այս նորմը նախատեսված չէ այն փաստաբանների համար, ովքեր աշխատում են բարեխիղճ: Պարզապես չենք կարող բացառել, որ հնարավոր է լինեն փաստաբաններ, ովքեր աշխատում են ոչ բարեխիղճ:

-Շատ կարևոր փոփոխություն է նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Դրանք կարող են նաև հանդես գալ համակցված: Արդյո՞ք դրանք կօգնեն կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի նվազմանը:

Իհարկե կօգնեն: Այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը շատ կարևոր է: Խափանման միջոցը կարող է կիրառվել բացառապես մեղադրյալի նկատմամբ և այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած նրա կողմից հանցանքը կատարելու մասին:  Ինչպես նաև այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է անձի կողմից փախուստը կանխելու կամ պատշաճ վարքագիծն ապահովելու համար:

Քանի որ կալանավորումը անձին զրկում է ազատությունից, օրենսգիրքը սահմանում է, որ  այն կիրառվում է բացառապես այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն կարող կանխել անձի անօրինական վարքագիծը: Միաժամանակ կարող է կիրառվել մի քանի խափանման միջոց: Ենթադրենք տնային կալանքը և պաշտոնավարության կասեցումը:

Խափանման միջոցների համակցված կիրառումը շատ կարևոր է նաև, քանի որ հնարավոր են իրավիճակներ, երբ մեկ այլընտրանքային խափանման միջոցով անձի պատշաճ վարքը չես կարող ապահովել: Այսօր կալանքի կիրառման դեպքերը  հաճախ պատճառաբանվում են, որ մեկ խափանման միջոցով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Զրույցի վերջում Արման Թաթոյանը վստահաբար նշեց. քրեական դատավարության նոր օրենսգիրքը միանշանակ կնպաստի դատարանի հանդեպ վստահության բարձրացմանը:

 «Դատարանի հանդեպ բարձր վստահությունը ինքնին շատ կարևոր նախապայման է  արդյունավետ քրեական դատավարություն ունենալու համար: Նոր օրենսգիրքը կնպաստի դրան իր կարգավորումների շնորհիվ: Ամենակարևորը, ուժեղացվել են դատարանի անկողմնակալության երաշխիքները: Դատարանակենտրոն դատավարության անցման դրույթի կիրառմամբ փորձել ենք այնպես անել, որ այն իրականում կիրառելի դառնա»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Արդարադատության փոխնախարարը:  

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել