Համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, վիճաբանել է ցուցարարների հետ, հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով քննություն է տարվում՝ Ազատամուտ համայնքի բնակչի՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ հանցագործությունների մի շարք դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 08:30-ին, տեղեկություն ստանալով, որ Ազատամուտ համայնքում խաղաղ ցույց է, հասարակական կարգը պահպանելու նպատակով, մեկնել են այնտեղ:  Ըստ զեկուցագրի՝ համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, վիճաբանել է ցուցարարների հետ, հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել, իսկ իրենք փորձել են բերման ենթարկել նրան, որի ժամանակ վերջինս փորձել է դիմադրություն ցույց տալ՝ հայհոյելով, ոտքով հարվածելով ոստիկանի կողմից վարվող «Վազ 2106»ավտոմեքենային:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ոստիկաններից մեկը ճանաչվել է տուժող, և նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հարցաքննվել են հավաքի մասնակիցներ, ոստիկանության աշխատակիցներ, զննվել է համացանցում առկա տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է Ռ.Մարտիրոսյանը ոտքով հարվածում տուժող ոստիկանին: Տեսանյութի զննությամբ պարզվել է նաև, որ Ռ.Մարտիրոսյանը հարվածել է ոչ միայն «Վազ 2106», այլև՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային: Պատճառված վնասի չափը պարզելու համար նշանակվել են դատաապրանքագիտական փորձաքննություններ: 2018թ. հոկտեմբերի 6-ին Ռ.Մարտիրոսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով 2018թ. հոկտեմբերի 8-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Քննիչը  միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր: Օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Ռ.Մարտիրոսյանը ներկայացել էր իրավապահներին և նրան մեղադրանք էր առաջադրվել:  Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր, սակայն բավարարվել էր նաև այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման մասին միջնորդությունը:

Բացի այդ, Ոստիկանության Իջևանի բաժնում Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 5-ին՝ սպանության սպառնալիքներ տալու համար: Մասնավորապես, ըստ նախնական քննության տվյալների,  2018թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ռ.Մարտիրոսյանը իր կողմից վարվող Գազել մակնիշի ավտոմեքենան դիտավորյալ վարել էր Ազատամուտ համայնքի բնակիչ անչափահաս տղայի՝ ծնված 2003 թվականին, ուղղությամբ, սպանության սպառնալիքներ հնչեցրել, ինչն անչափահաս տղան ընկալել էր որպես իրական վտանգ: Քրեական գործը Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ստացվել 2018թ. հոկտեմբերի 8-ին:

Եվս մեկ քրեական գործ Ոստիկանության Իջևանի բաժնում հարուցվել է հոկտեմբերի 5-ին՝ Ռ.Մարտիրոսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու հատկանիշներով: 2018թ. սեպտեմբերի 25-ին ՝ ժամը 10:00-ից 10:30-նն ընկած ժամանակահատվածում, իր որդու և նրա համադասարանցիների միջև տեղի ունեցած կռվի առնչությամբ Ռ.Մարտիրոսյանը գնացել է Ազատամուտ համայնքի դպրոց, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ներկաների նկատմամբ, սպանության և բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել հավաքված ուսուցիչների և աշակերտների հասցեին, խաթարել դասապրոցեսը և դպրոցի բնականոն աշխատանքը: Քրեական գործը, նախաքննություն իրականացնելու համար, ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն, որն ընդունվել է վարույթ:

Բացի այդ, սպանության սպառնալիքներ տալու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է 2018թ. հոկտեմբերի 23-ին: Մասնավորապես՝ 2018թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակչուհին հաղորդում է տվել առ այն, որ Ազատամուտ համայնքի ղեկավարը և նրա ընտանիքի անդամները դեռևս 2008 թվականից իր նկատմամբ թշնամաբար են տրամադրված, իսկ 2018թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-15:00-ն ընկած ժամանակահատվածում, համայնքի ղեկավարի որդին՝ Ռ.Մարտիրոսյանը, Նիվա մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի մոտ վարել է իր ուղղությամբ՝ փորձելով իրեն վրաերթի ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Ազատամուտի բնակչուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

2018թ. հոկտեմբերի 23-ին Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ այս անգամ նույն համայնքի մեկ այլ բնակչին սպանության սպառնալիքներ տալու համար: Համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ Ռ.Մարտիրոսյանը 2018թ. հոկտեմբերի 18-ին հայհոյել է իրեն և սպառնացել, թե կսպանի: Ազտամուտի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Որոշում է կայացվել՝ վերոնշյալ բոլոր քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 30-ին Ռ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով  և 137-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ Ռ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացվել է և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել