Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Միքայել Ոսկանյանի, Արմեն Ոսկանյանի և Գագիկ Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Միքայել Ոսկանյանին, Արմեն Ոսկանյանին և Գագիկ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ Միքայել Ոսկանյանի հետ` ամուսնության նպատակով բացահայտ առևանգել են Սիմա Ստեփանյանին:
Գործով մեղադրյալ Միքայել Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեղադրյալներ Արմեն Ոսկանյանի և Գագիկ Սիմոնյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի`
Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, եթե բացակայում են նույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: