Գագիկ Հարությունյանը պետք է լքի իր զբաղեցրած պետական առանձնատունը

Մայիսի 12-ի կեսգիշերին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղափոխվելու է վարչապետի համար օրենսդրությամբ սահմանված պետական առանձնատուն:

«Այս պահի դրությամբ այդ առանձնատան տարածքում բնակվում են Սերժ Սարգսյանը և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը»,-նշել էր Փաշինյանը:

Նրա խոսքով Սերժ Սարգսյանն առաջիկայում կտեղափոխվի առանձնատնից։

«Ինչ վերաբերում է Գագիկ Հարությունյանին, օրենսդրությունից կերևա, թե ինչքանո՞վ է սահմանված, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բնակվի այդտեղ: Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, պարզապես իրավաբանների հետ դեյուրե կքննարկվի և կորոշովի»,- նշել էր վարչապետը:

Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.7-րդ հոդվածի համաձայն սահմանվում է այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը, ըստ որի՝

«1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

3. Սույն հոդվածով նախատեսված բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել սույն հոդվածով նախատեսված սպասարկումից»:

Այս մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել այս տարի, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է մարտի 20-ին, և օրենքն ուժի մեջ է մտել՝ ապրիլի 9-ին:

Ինչպես տեսնում ենք, օրենքի համաձայն ծառայողական առանձնատուն տրամադրավում է Սահմանադրական դատարանի, բայց ոչ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին: Սա ենթադրում է, որ Գագիկ Հարությունյանը, ով այժմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է, պետք է լքի այդ առանձնատունը:

Հավելենք, որ նույն օրենքի 7.2-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`

  • 1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47).
  • 2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 8-րդ մասնաշենք).
  • 3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).
  • 4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

 Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Իսկ պաշտոնաթողությունից հետո, արդեն համաձայն՝ 7.3 հոդվածի՝ 

  1.  Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ:
  2. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր:
  3. Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
  4.  Պաշտոնաթող Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 10 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

7.6 հոդվածով սահմանավում է վարչապետի սպասարկումը, որի համաձայն Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`

  • 1) նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26).
  • 2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք).
  • 3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք).
  • 4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ.
  • 5) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

2. Վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

3. Վարչապետը կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 2-րդ մասով նախատեսված սպասարկումից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել վարչապետի որոշմամբ սահմանված կարգով:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել