Կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբանը հրաժարվել է իր 5 պաշտպաններից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի և փաստաբան Գայանե Գալոյանի գործով կայացած նիստի ընթացքում փաստաբանը հրաժարվեց իր պաշտպանյալներից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Գայանե Գալոյանի պաշտպաններից մեկը՝ Մնացական Ղազարյանը:

Նշենք, որ նիստը նախագահում էր դատավոր Մեսրոպ Մակյանը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող փաստաբան Գայանե Գալոյանը խնդրեց իրեն տրամադրել հանրային պաշտպան:

«Նա հայտարարեց,  որ ինքը վճարունակ չէ, իսկ մենք նրա շահերը միչև հիմա առանց վճարի էինք պաշտպանում: «Աբովյան» ՔԿՀ հասնելն այդքան հեշտ չէ, ուստիև՝ խնդրեց իրեն ապահովել հանրային պաշտպանով»,-նշեց Մնացացական Ղազարյանը:

Դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալին պաշտպանով ապահովելու համար:

Մեղադրական եզարակացության համաձայն՝ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Խոսքը գնում է 3000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին:

Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Գայանե Գալոյանին՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Բաբկեն Գասպարյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով:

Միքայել Զադոյանի և Գայանե Գալոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Գասպարյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք նաև, որ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին ևս մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, սակայն գործով նրա մասն անջատվել է և դեռևս նախաքննություն է ընթանում:

Քննչական բաժնի պետի տեղակալի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել