Վարչապետի հանձնարարականը վարչական կարգով բողոքարկման արդյունավետության վերաբերյալ չի կատարվում․ ԻՀԱԿ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 9-ին կառավարության նիստին հանձնարարական ներկայացրեց ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել վարչական ակտերի՝ վարչական կարգով բողոքարկումների որակի, պատճառաբանվածության, արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ։

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնը» (ԻՀԱԿ) հայտարարություն է տարածել այն մասին սակայն, որ վերջերս Ճանապարհային ոստիկանության կողմից ստացված պատասխանը ցույց է տալիս, որ վարչապետի հանձրարականը չի կատարվել։

Մասնավորապես, նոյեմբերի 1-ին ԻՀԱԿ նախագահ Կամո Ասատրյանը վարչապետին նամակ է ուղարկել և բարձրաձայնել այն մասին, որ իրենց դիմել է «Մարկոս Աիդ» ՍՊ ընկերության տնօրեն Լևոն Մարտիրոսյանը՝ խնդրելով օժանդակել իրեն արտադատական կարգով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործընթացում։

Խնդիրը վերաբերում է Ճանապարհային ոստիկանության կողմից դրսևորած անգործությանը, որն օրենքով սահմանված կարգով վիճարկվել է։ Դրա արդյունքում հանրային ծառայություն մատուցող այս մարմինը որևէ որոշում չի կայացրել, ինչն օրենքի ուժով ԻՀԱԿ-ին հնարավորություն է տվել Ընկերության և Ընկերության տնօրենի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով ձեռք առնել օրենսդրական համապատասխան միջոցներ։

Այդ նպատակով ԻՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին դիմել է ՀՀ ոստիկանության պետին և ի պատասխան հոկտեմբերի 30-ին ստացել են ՃՈ-ից գրություն․ «Ճանապարհային ոստիկանությունը դրսևորում է նույն վարքագիծը՝ ոչ իրավաչափ անգործություն, ինչն օրենքի պահանջների կոպիտ խախտում է»։ Նշենք, որ մինչ այս ԻՀԱԿ-ի կողմից սեպտեմբերի 6-ին ՃՈ պետին ներկայացվել է վարչական բողոք, որի դեպքում վարույթ չի հարուցվել և վարչական ակտ չի կայացվել (ուղարկվել է երեք նախադասությունից բաղկացած գրություն)։

ԻՀԱԿ հայտարարության մեջ նշվում է․ «Նկատի ունենալով այն, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գործունեությունն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունում որպես թիրախային ոլորտ և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ կոռուպցիոն ռիսկերի վերհանման նպատակով ենթարկվել է ուսումնասիրության, ԻՀԱԿ-ը 2017 թվականի նոյեմբերի 1-ին նշված ծառայության կողմից վարչարարություն չիրականացնելու և օրենքի պահանջները չկատարելու վերաբերյալ գրավոր տեղեկացրել էր ինչպես ՀՀ վարչապետին, այնպես էլ Հայաստանում ԱՄՆ դեսպանին»։

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի վրա ԻՀԱԿ-ը հրավիրվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ուշադրությունը՝ հաշվի առնելով այն, որ վերջիններիս՝ խորհրդում գտնվելու  առաքելությունը նաև նման խնդիրների բարձրաձայնումն է ու դրանք լուծելու համար հետևողական քայլերի իրականացումը: Միաժամանակ, օրենքի կիրարկման փուլում այսպիսի իրավիճակների առաջացման հիմնական պատճառներից կարող են լինել բարեվարքության հետ կապված խնդիրները, որոնք նույնպես գտնվում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության կարգավորման տիրույթում:

Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն

Նշենք, որ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում բարձրացրել է այն հարցը, որ խորհրդի հաջորդ նիստում ներառեն խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի կողմից խորհրդի նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարման հարցը, քանի որ ըստ Կարեն Զադոյանի ոչ բոլոր հանձնարարականներն են կատարվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել