Նորություններ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է ընտրություններին առնչվող 52 հրապարակում

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն ուսումնասիրել են ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ աշխատանքային խմբեր են գործուղվել մարզեր:

Ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած՝ ընտրություններին առնչվող 52 հրապարակում: Դրանք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը, ընտրողներին կաշառք բաժանելուն, քաղաքացիներին ուղղորդելու դեպքերին, ընտրատեղամասերի կահավորման, ինչպես նաեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերին:

Ընտրախախտումների վերաբերյալ արձանագրված դեպքերից 16-ով բարձրացված հարցերը հաստատվել են, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արագացված ընթացակարգով ստացել են լուծում: Որոշ դեպքերում տեղամասային կենտրոններում վերացվել են նաեւ մարդկանց եւ մեքենաների կուտակումները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձին ուսումնասիրել է նաեւ լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունները: Թեժ գծին ստացված 2 բանավոր բողոքներից 1-ը վերաբերել է լրագրողական տեղեկատվություն հայցելուն, մյուսը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն: Այդ առումով, մասնավորապես, «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի նկարահանող խմբի աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաեւ Ախուրյանի թիվ 32/01 տեղամասային կենտրոնում ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ տվյալները քրեական դատավարության շրջանակում ստուգման համար կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել