Ծաղրանք է, նման մարդկանց կողմից կոռուպցիայի դեմ պայքարն ու նրանց լիազորություններ տալը. Արթուր Սաքունց

Ըստ էության Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հովանավորչությամբ է զբաղվել: Իրավաբան.net-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նա նաև նշում է, որ դեպքեր են եղել, երբ իրենց կողմից հարցերի բարձրացման վերաբերյալ հանձնաժողովը ջանքեր չի գործադրել և առանձնապես մեծ ձգտում չի ցուցաբերել ունենալ որևէ ազդեցություն և նշանակություն բարձրաստիճան անձանց կողմից ինչ-որ մեկի խախտման, արձանագրման, գնահատման, և ընդհանրապես իր գործառույթների իրականացման ուղղությամբ:

«Շատ համեստ են իրենց պահել, երբ որ խախտումների մասին ահազանգեր եղել են, զուսպ են եղել իրենց գնահատականներով, ավելին՝ չեն էլ ձգտել էթիկայի նորմերը խախտած բարձրաստիճան անձանց նեղացնել: Փորձել են ավելի շատ մեղմել, նույնիսկ՝ ակնհայտ և բացահայտ ծիծաղելի հիմնավորումներով և ձևակերպումներով փորձել նրանց նույնիսկ այդ մակարդակում պատասխանատվությունից ազատել, այսինքն արդարացնել ակնհայտ ոչ համարժեք պահվածքը»,-նշեց Ա.Սաքունցը:

Հավելենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նոր նախագիծ է մշակվել, որը նաև e-draft.am կայքում փետրվարի 3-ից 18-ը դրվել է հանրային քննարկումների: Պարոն Սաքունցը այս մասին տեղյակ չէր և այն խնդրին, իսկ որ այդ հանձնաժողովը նույն կազմով է լինելու ինչ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և կազմն ու նախագահն էլ նշանակվելու է նախագահի կողմից, նա հայտնեց, որ նման կառույցը չի կարող արդյունավետ գործել:

«Բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք թաղված են թե կոռուպցիայի մեջ, թե իրենց ցինիկ և արհամարհական վերաբերմունքն են ցույց տալիս դեպի հանրությունը՝ այդ առումով նման մարդկանցից սպասել կամք կամ իրական բովանդակային պայքար կոռուպցիայի դեմ կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց համարժեք վարքագծի դրսևորում՝ անիմաստ է, որովհետև հենց իրենք չեն համարվում այն էտալոնը կամ վարքագծի կրողը, որն օրինակելի կարղ է հանդիսանալ ժողովրդավարական պետությունում պատասխանատու իշխանության ներկայացուցչի համար:

Այնպես որ դա նույնիսկ ծաղրանք է, նման իրավիճակում նման մարդկանց կողմից կոռուպցիայի դեմ պայքարելու, լիազորություններ տալն ու էլ չեմ խոսում համապատասխան բարեվարքության կանոներին համապատասխան մեխանիզմների ներդրմանը, որովհետև իրենք պետք է առաջին հերթին հենց պատասխանատվության ենթարկվեն այս ամբողջ կոռուպցիոն գործընթացի և արհամարհական այն վերաբերմունքի համար, որը դրսևորվում է ՀՀ-ի և նրա քաղաքացիների նկատմամբ»,-իր խոսքը եզրափակեց Սաքունցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել