Ապօրինի հարստացմանը անհնար է տալ հետադարձ ուժ. փաստաբան

«Անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով»,- իր վերլուծության մեջ նշել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս առնչությամբ զրուցեցինք փաստաբան Արփինե Եղիկյանի հետ, նա մասնավորապես նշեց. «Կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի մասին, որը ստորագրվել է 2003 թվականի հոկտեմբերի 31-ին: Այդ կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է դեռևս 2006 թվականի հոկտեմբերի 23-ին և ուժի մեջ է մտել 2007 թ. ապրիլի 7-ին: Ընդ որում, կոնվենցիան վավերացնելիս Հայաստանի Հանրապետությունը որևէ վերապահում չի արել, հետևաբար կոնվենցիան իր բոլոր դրույթներով կազմում է ՀՀ օրենսդրության մաս»: 

Ըստ փաստաբանի՝ այլ հարց է, թե որքանով է մեր օրենսդրությունը նախատեսում կառուցակարգեր՝ ապահովելու համար կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:

«Անօրինական հարստացման արարքը քրեական իրավախախտում ճանաչելուն կամ ապօրինի հարստացումը քրեականացնելուն ուղղված իրական քայլեր արդեն արվել են, և նախապատրաստվել են օրենսդրական համապատասխան փոփոխությունները: Բացի այդ, Կոնվենցիայի 20-րդ հոդվածը չի նախատեսում, առավել ևս՝ պարտավորեցնում մասնակից երկրներին ապօրինի հարստացումը քրեականացնող նորմին տալ հետադարձ ուժ: Ավելին, այդ հոդվածով սահմանված է, որ պետության կողմից  անօրինական հարստացման արարքը քրեական իրավախախտում ճանաչելու օրենսդրական միջոցները պետք է ձեռնարկվեն տվյալ պետության սահմանադրությունը և իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով»,- վերլուծեց մասնագետը:

Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե ապօրինի հարստացումը քրեականացնող նորմին պետք է տալ հետադարձ ուժ, ապա նա կարծում է, որ դա անհնար է, քանի որ  նման հնարավորությունը բացառված է ՀՀ Սահմանադրությամբ. «ՀՀ սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել», իսկ 73-րդ հոդվածի համաձայն՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել