Փաստաբանը մեղադրվում է դատավորին կաշառք տալ դրդելու մեջ

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քննվում է փաստաբան Ռուբեն Չիբուխչյանի և մյուսների գործը՝ դատավորին կաշառք տալուն դրդելու և կաշառք տալու փորձի մեղադրանքներով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  փաստաբան Ռուբեն Չիբուխչյանը 2014 թվականի մարտի 20-ին  քաղաքացի  Հռիփսիմե Հարությունյանի հետ կնքել է իրավաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալ պայմանագիր և դրանում որպես վարձավճար նշվել է  200.000 ՀՀ դրամ գումար: Ռ. Չիբուխչյանը համոզելով, խաբեությամբ և Հռիփսիմեի վստահությունը չարաշահելու եղանակով, համոզել, դրդել է իր միջոցով խոշոր չափերով կաշառք տալ կնքված պայմանագրի շրջանակներում գումարի բռնագանձման վերաբերյալ քաղաքացիական գործը քննող դատավորին, սակայն, այդ պատրվակով ստանալով պահանջված 2000 դոլարը՝  հափշտակել է այն՝ Հռիփսիմե Հարությունյանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ամբաստնյալի աթոռին է նաև Հռիփսիմե Հարությունյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Չիբուխչյանի դրդմամբ, կաշառք տալու դիտավորությամբ, 20.03.2014թ. վերջինիս հետ կնքել է իրավական օգնության պայմանագիր, իր օգտին որոշում ստանալու նպատակով Ռ.Չիբուխչյանի միջոցով ցանկացել է խոշոր չափի` 828.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` պաշտոնատար անձ հանդիսացող դատավորին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

Գործով երրորդ ամբաստնյալը Արման Մարկոսյանն է: Նրանք մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա, խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, 2014 թվականի հոկտեմբեր ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, խաբեությամբ և Հռիփսիմե Հարությունյանի վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինիս պատճառել է 1.159.840 ՀՀ դրամի համարժեք 2.200 ԱՄՆ դոլարի գույքային վնաս:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել