Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Լուսաբեր Տեր-Գևորգյանը:

«Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների: Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին»,- ասում է իրավաբանը:

Լուսաբեր Տեր-Գևորգյանի փոխանցմամբ` դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:

Հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության ընդհանուր մասի նախագծը հնարավոր է համարում դատական քննությունը շարունակել դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում: Մասնավորապես, դատարանը կարող է շարունակել գործի քննությունը, եթե տուժողը` սուբսիդիար մեղադրողը պահանջում է դա և ստանձնում մեղադրանքի պաշտպանությունը: Սակայն տուժողը կարող է իրականացնել մեղադրողի ֆունկցիան միայն դատարանի համաձայնությամբ:

Մի շարք արտասահմանյան երկրներում ընդունված է «Սուբսիդիար մեղադրանքի» ինստիտուտը:

 Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել