Իրավաբան.net-ն մշտապես «Facebook.com» սոցիալական ցանցի միջոցով տարաբնույթ հարցեր է ստանում օգտատերերի կողմից: Հարցերին պատասխանել է ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ, իրավաբան Առնոլդ Վարդանյանը:
Հարց – Եթե անձը դատապարտվել է ազատազրկման ու գործը բողոքարկվել է մինչև Վճռաբեկ դատարան, մերժվել, այն հնարավո՞ր է բողոքարկել:
Պատասխան – Քանզի դուք սպառել եք ներպետական պաշտպանության միջոցները ՀՀ–ում Ձեր գործով դատական ակտ է կայացրել ՀՀ–ում բարձրագույն դատական ատյանի` Վճռաբեկ դատարանի կողմից, ապա դուք չունեք հնարավորություն այն բողոքարկելու։
Հարց – Եթե քաղաքացին աշխատում է և թոշակառու է, ապա նա կարող է դիմել հաշմանդամության 2 -րդ կարգ ստանալու համար:
Պատասխան – Այո, կարող եք, քանի որ «ՀՀ–ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» 1993 թվականի ապրիլի 14–ին ընդունված օրենքի 6.2–րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության կարգի որոշումը բացառապես կախված է բժշկասոցիալական փորձաքննության արդյունքներից։
Հարց – Աշխատանքային պայմանագրում անձնագրիս համարը մեկ նիշ ավելի է գրված: Աշխատավարձս չեն վճարում, ուզում եմ դիմել դատարան: Կարո՞ղ է արդյոք այդ մեկ ավելի գրված թիվը խնդիր առաջացնել:
Պատասխան – Տվյալ դեպքում, Ձեզ ընդամենը խորհուրդ է տրվում դիմել գործատուին աշխատանքային պայմանագրում առկա վրիպակը ուղղելու նպատակով։ Այլ հարց, եթե գործատուն այդ պատճառաբանությամբ հրաժարվի վճարել, այդ դեպքում միանշանակ դիմեք դատարան՝ Ձեր խախտված իրավունքները վերականգնելու պահանջով։
Հարց – Ինչպե՞ս պետք է հաշվել հղիներին հասնող արձակուրդի գումարը: Ես 2 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, ստանում եմ 85 000 դրամ ամսական (չհաշված պահումները), բացի այդ, կուզենայի իմանալ առաջին երեխայի դեպքում որքա՞ն գումար է տալիս պետությունը, և ի՞նչ փաստաթղթեր են ինձ ընդհանրապես անհրաժեշտ:
Պատասխան – ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն` հղիության և ծննդաբերության արձակուրդի համար վարձու աշխատողի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, արձակուրդի ժամանակահատվածում աշխատողին վճարվում է միջին աշխատավարձ, որը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Ինչ վերաբերում է առաջին երեխայի դեպքում պետության կողմից միանվագ վճարվող նպաստի չափին, ապա 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն ՀՀ կառավարության որոշմամբ առաջին երեխայի ծնվելու դեպքում կազմում է հիսուն հազար դրամ։