ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ բացահայտումն ապահովելու համար, փոխանցում է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության և կապի բաժինը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաեւ քաղաքացի Սեյրան Խաչատրյանը։
Նախնական քննության արդյունքներով՝ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում առաջացած վիճաբանության ժամանակ ժամանակ մի խումբ անձինք ծեծել են Մուշեղ Զաքարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որի ժամանակ Սեյրան Խաչատրյանը եւս ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սեյրան Խաչատրյանն այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական եւ դատավարական բազմածավալ գործողությունների արդյունքում պարզվել է նշված տարածքում մայիսի 2-ին առաջացած վիճաբանության շարժառիթը, հիմնավորվել Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնության փաստը, բավարար ապացույցներ ձեռք բերվել խմբի կողմից Մուշեղ Զաքարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Ծեծի հետեւանքով վերջինիս պատճառված որոշ մարմնական վնասվածքների աստիճանը դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ գնահատվել է միջին ծանրության։ Քննությամբ պարզվել է այն անձանց շրջանակը, ովքեր մասնակցել են Մ.Զաքարյանի ծեծին, անհատականացրել նրանցից մի քանիսի գործողությունների բնույթն ու մասնակցության աստիճանը։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսին եւս 4 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ 4-րդի նկատմամբ նույն մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել հետախուզվողին հայտնաբերելուն ուղղված միջոցառումները։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ միջադեպի ներկա մյուս անձանց գործողությունների բնույթը, բռնություններին մասնակցության աստիճանը հստակեցնելու ուղղությամբ։
Նկատի ունենալով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը՝ քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: