Եթե փաստաբանը չի ներկայանում դատական նիստին…

Պաշտպանը` փաստաբանը, դատական քննությանը մասնակցելիս, օգտվում է մեղադրողի հետ հավասար իրավունքներից:

Պաշտպանի չներկայանալու և այդ նիստում նրան մեկ ուրիշ պաշտպանով փոխարինելը հնարավոր չլինելու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Դատական նիստին չներկայացած պաշտպանի փոխարինումը թույլատրվում է միայն ամբաստանյալի համաձայնությամբ: Եթե ամբաստանյալի կողմից հրավիրված պաշտպանի մասնակցությունն անհնար է անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու կամ տևական բուժում պահանջող հիվանդության կամ որևէ այլ հիմքով երկար ժամանակով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառով, դատարանը, հետաձգելով դատական քննությունը, իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ նրա հրաժարվելու դեպքում` նշանակել նոր պաշտպան: Գործը հետաձգելիս, լուծելով պաշտպանին փոխարինելու հարցը, դատարանը հաշվի է առնում նման որոշման նպատակահարմարությունը (դատական քննության վրա արդեն ծախսված ժամանակը, գործի բարդությունը և դրա հետ կապված դատական քննությանը նոր մասնակցող պաշտպանի կողմից գործի նյութերի ուսումնասիրման տևողությունը և այլ հանգամանքներ):

Գործին նոր մասնակցող պաշտպանին դատարանը բավարար ժամանակ է տրամադրում գործի նյութերն ուսումնասիրելու համար: Նա իրավունք ունի միջնորդելու կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան իր ընդգրկվելը գործին, և որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ են պարզվել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել