Հասարակության, պետության և մարդու շահը պետք է վերցնել մեկ միասնության մեջ: Մեզ պետք է Սահմանադրություն, որը այս երեքի շահը մեկ ամբողջության մեջ ներդաշնակ կերպով ապահովի, որպեսզի հասարակությունը զարգանա: Այս կարծիքին է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը:
Ինչպիսի՞ն պետք է լինի ժողովրդավարական երկրի Սահմանադրությունը և ի՞նչ կտա սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, մանրամասները՝ հարցազրույցում:
– Պարոն Այվազյան արդյո՞ք մեր երկրում կա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն:
– Սահմանադրությունը կարգավորում է ամբողջ պետական կառույցի գործունեությունը և պետություն-հասարակություն փոխհարաբերությունները: Եթե մենք ընդունում ենք, ու մեր պետական կառույցը կատարյալ վիճակում է՝ հետևաբար չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն: Ես այն կարծիքին եմ, որ մեր պետական կառույցը ոչ միայն կատարյալ, այլ նաև բավարար լինելուց շատ հեռու է և բնականաբար սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը մեր երկրում միանշանակ կա:
– 2005թ. սահմանադրական երկրորդ փոփոխությունները սպասված արդյունքը չտվեցին, ի՞նչն էր դրա պատճառը:
– Ես գտնում եմ, որ սպասված արդյունքը չտալու պատճառը սահմանադրական փոփոխությունների ոչ գրագետ և ոչ բավարար մակարդակով լինելն է: Ինչպես սահմանադրական փոփոխությունները, այնպես էլ սահմանադրությունը համակարգային երևույթ են: Բնականաբար փոփոխությունները պետք է ունենան համակարգային բնույթ, այլ ոչ թե դրվագային, իսկ 2005թ. սահմանադրական փոփոխությունները ունեին դրվագային բնույթ և չէին կարող դրական արդյունք տալ: Սահմանադրության բոլոր դրույթները մեկը մյուսի հետ սերտորեն փոխկապակցված են և չպետք է հակամարտության մեջ լինեն: Սահմանադրությամբ պետք է ամրագրվի պետության կառույցի և հասարակության կատարյալ մոդել, և եթե այդ կատարյալ մոդելը չունենանք, ապա չենք կարող դրան ձգտել: Սահմանադրությունը պետք է լինի ճշմարտության տիրույթում:
– Իսկ ի՞նչ եք կարծում այս բարեփոխումները հաջողություն կունենան:
-Նորի հաջողության մասին կարելի է խոսել սահմանադրական փոփոխությունների տեքստը ունենալուց հետո, մինչև չտեսնենք, չծանոթանանք որևէ կարծիք կազմելը կլինի անլուրջ: Եթե մենք միայն փոփոխություններին ապավինելով համարենք, որ մեր բոլոր խնդիրները կլուծվեն սա նույնպես կլինի անլուրջ: Սահմանադրությունը իր փոփոխություններով հանդերձ տալիս է մեր պետության հայեցակարգային մոդելը, իսկ այդ մոդելի կյանքի կոչելը արդեն հաջորդ քայլն է, որովհետև առանց կյանքի կոչելու սահմանադրությունը ոչ մի արդյունք չենք ունենա: Սահմանադրությունից հետո պետք է համարժեք, անկոնֆլիկտ վիճակի բերվի ամբողջ իրավական համակարգը, իսկ դրա համար մեր երկրի իրավական համակարգը պետք է համապատասխանի իրավունքի ճշմարիտ էությանը: Իսկ իրական իրավունքից դուրս ցանկացած իրավական համակարգ իր մեջ ներքին տրամաբանական հակամարտություններ է ունենում: Առաջին հերթին պետք է իրավական համակարգի հայեցակարգային գաղափարախոսական մակարդակը բերվի պատշաճ, գրագետ մակարդակի: Իսկ երկրորդ հերթին պետք է պետությունը ակտիվ կերպով ձեռնամուխ լինի իրավական-քաղաքացիական հասարակության կերտմանը, որը հենց այնպես և ինքն իրեն չի լինում: Իրավական-քաղաքացիական հասարակություն կառուցելը պետք սկսվի ամենասկզբից: Ցանկացած երեխա մանկապարտեզից ու դպրոցից սկսած պետք է նվազագույն գիտելիքներ ձեռք բերի պետության և հասարակության վերաբերյալ: Քանի որ ազատություն նշանակում է ընտրության հնարավորություն, մինչդեռ գիտելիքի բացակայության պարագայում ազատությունը որպես ընտրության հնարավորություն, չի կարող իրականացվել:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, որ այսօր կազմված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից հասարակության մեծ մասը տեղյակ չէ:
– Հասարակությունը ինչ-որ տեղ պարտավոր էլ չէ իմանալ: Սահմանադրության ընդունումը հանրաքվեի միջոցով ամենևին էլ չի փաստում այն մասին, որ դա շատ ավելի որակյալ կամ ներկայացուցչական Սահմանադրություն կարող է լինել: Օրինակ՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Սահմանադրությունը ոչ ընդունվել է ժողովրդի կողմից և ոչ էլ ժողովրդի կողմից փոփոխվում է, բայց դա չի նշանակում, որ դրանք իրենց որակական հատկանիշներով զիջում են մեր Սահմանադրությանը կամ նրանց հասարակությունն իր գիտակցական մակարդակով զիջում է մեր հասարակությանը: Ցանկացած մարդ ունի իր արժեհամակարգը, որը իր ներքին սահմանադրությունն է: Իսկ պետության սահմանադրությունը կոչված է ներդաշնակցելու բոլոր մարդկանց արժեհամակարգը: Սահմանադրությունը կոչված է վերացնելու իրավական համակարգի հակամարտությունները և իրավական համակարգը բերելու ներդաշնակության: Բերեմ գործնական օրինակ, մեր գործող Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Սահմանադրության մեջ ունենք մեկ այլ հոդված, որն ամրագրում է ԱԺ պատգամավորի անձեռնմխելիությունը: Երբ Սահմանադրության հեղինակներին հարցնում ենք, թե ինչու է պատգամավորն անձեռնամխելի, ապա պատասխանում են. որպեսզի պետության կողմից չհետապնդվի իր արտահայտած քաղաքական հայացքների համար: Որպեսզի «ժողովրդավարական» պետության հետապնդումներից ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչին պաշտպանենք, մենք նրան սահմանադրությամբ տալիս ենք անձեռնմխելիություն: Այստեղ հարց է առաջանում արդյոք ժողովրդավարական է այն պետությանը, որը պաշտոնապես իրեն կարող է թույլ տալ հետապնդելու ժողովրդի ներկայացուցչին, ուստի ժողովրդավարական պետությունից Սահմանադրությամբ մենք պաշտպանում ենք խեղճ ու կրակ պատգամավորին: Արդյունքում ամեն գնով պատգամավոր են ձգտում դառնալ այն անձինք, որոնց այդքան անհրաժեշտ է այդ բաղձալի անձեռնմխելիությունը, ինչի արդյունքում տուժում է պետության օրինաստեղծ գործունեությունը:
– Պարոն Այվազյան 2015թ. բարեփոխումների նախագիծը նախատեսում է նախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգի, դուք ո՞ր տարբերակին եք կողմնակից:
– Ես ինքս կողմնակից եմ խորհրդարանական կառավարման համակարգին: Ժողովրդավարության առաջադիմության առումով խորհրդարանական կառավարման ձևն ավելի լավն է, քան նախագահականը: Վերջինս ավելի շատ մենիշխանություն է ենթադրում: Եթե հասարակությունը ունի ինքնագիտակցության բավարար մակարդակ, միանշանակ խորհրդարանական կառավարման ձևը ավելի արդյունավետ կլինի: Իսկ եթե գիտակցության պատշաճ մակարդակը չկա հասարակության մեջ, հետևաբար ոչ մի տարբերություն չկա: Եթե պետք է ընտրությունների ժամանակ հասարակությունը 5 հազար կամ 10 հազար դրամով իր ընտրությունը կատարի, ապա ի՞նչ տարբերություն նախագահական է, թե՞ խորհրդարանական: Իսկ եթե հասարակությունը ունենա ինքնագիտակցության նվազագույն պատշաճ մակարդակ, նա կկատարի բանական ընտրություն և համակարգի շղթան կամաց-կամաց կընկնի իր տեղը:
– Ըստ նոր բարեփոխումների երկրի նախագահը պետք է ընտրվի ԱԺ-ի կողմից 7 տարի ժամկետով, ինչո՞ւ հենց այս դրույթը առաջացրեց շատերի դժգոհությանը:
-Դժգոհությունը պետք է լինի հիմնավորված: Մարդը իրավունք ունի իր կարծիքը և դժգոհությունը արտահայտելու, այն դեպքում, երբ նա տվյալ առարկային տիրապետում է: Հենց այս իրավիճակում էլ գտնվում են և՛ հասարակությունը, և՛ կուսակցությունները, որոնք ընդհանրապես գաղափար չունեն իրավունքի էությունից: Նրանք իրավունքը պատկերացնում են ընդամենը որպես պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների համակարգ: Այսինքն, Ինչ օրենք ընդունեց պետությունը, անունը դնում ենք իրավունք: Եթե չունենք իրավունքի էություն, այս պարագայում «ոչ իրավունքն» էլ է դառնում իրավունք, իրավունքը նույնպես: Մինչդեռ իրավունքը համակարգ է, որը կոչված է մարդուն պահելու Արարչի կողմից տրված էության շրջանակներում:
– Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ հավանել եք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, կա՞ ինչ-որ դրույթ, որը կցանկանայիք առանձնացնել:
– Հայեցակարգի որևէ դրույթ չէի ցանկանա առանձնացնել: Հայեցակարգում ընդամենը բարի, տրամաբանական, լավ ցանկություններ են պետության համար, որոնք պետք է իրականություն դառնան կոնկրետ սահմանադրության բուն տեքստում: Հայեցակարգում, որպես գաղափար, որևէ բացասական բան ես չեմ տեսնում, բոլորն էլ ընդունելի են: Իսկ երբ վերջնական փոփոխված Սահմանադրության տեքստը պատրաստ լինի, այդ ժամանակ հնարավոր կլինի խորը, համակողմանի և համակարգված վերլուծական դատողություններ անել արդեն փոփոխված նախագծի վերաբերյալ: Իսկ հայեցակարգը գաղափարական փաստաթուղթ է, որը պետք է կոնկրետ նյութական տեսք ստանա Սահմանադրության տեքստի մեջ:
Ելենա Արամյան