Մասնագետն առաջարկում է փոփոխել արագության գերազանցման համար կիրառվող տուգանքները

Այս տարվա հուլիսի 26-ից ուժի մեջ մտավ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով սահմանվել են նաև արագության գերազանցելու նոր տուգանքներ:

Ներդրվել է մի մեխանիզմ` ըստ որի վարորդը տուգանվում է յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ-ի համար: Այս մեխանիզմը գործում է միայն արագությունը 1-10 կմ/ժ-ով և 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում: Մինչդեռ սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով, 51-80 կմ/ժ-ով, 81կմ/ժ և ավելի գերազանցող վարորդները կտուգանվեն համապատասխանաբար 100 000, 200 000 և 500 000 ՀՀ դրամի չափով:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքերով` այս մեխանիզմն արդյունավետ է միայն սահմանված արագությունը 20 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում. «Եթե միջին աշխատավարձի չափով վերցնենք, ապա մյուս դեպքերում, իհարկե, բարձր են տուգանքները, պետք է նվազեցնել դրանք»,- նշեց պարոն Հովհաննիսյանը` ընդգծելով, որ հարկավոր է տարանջատում մտցնել` ըստ սոցիալական խավերի. «Մեր օրենքում այդ տարանջատումը չկա` բոլոր քաղաքացիներն հավասարաչափ են տուգանվում: Նախկինում, այսինքն` խորհրդային միության տարիներին, այդ սանդղակը սահմանված էր, հարկավոր է կրկին ներդնել այս համակարգը»:

Պարոն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ ներկայումս գործնականում գրեթե չի կիրառվում քաղաքացուն վարորդական իրավունքից զրկելու պատիժը. «Մեզ մոտ տարիօրինակ վիճակ է ստեղծվել: Վարորդական իրավունքից զրկումը գրեթե վերացվել է արագության գերազանցման դեպքերում, հազվադեպ կարող ենք հանդիպել զրկման դեպքերի, այն էլ 6 ամիսով, մի տարվա ընթացքում կրկնելու դեպքում»,- եզրահանգեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել