ԱՆ Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի հարազատներն արդարություն են պահանջում

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար առաջին ատյանի դատարանի կողմից 12 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի հարազատները կարծում են, որ նրան ճաղերի հետևում պահելու մեջ շահագրգռված մարդիկ կան` հավանաբար նաև պաշտոնյա: Նրանք չեն ընդունում իրենց ազգականին առաջադրված մեղադրանքները և պատրաստվում են գործը մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանել: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին նրանք:

«Եթե դատավճիռը կարդաք, ապա կհասկանաք, որ դատավորին ստիպել են այդ դատավճիռը կարդալ, որովհետև դատավորը չէր կարող ապօրինի ձայնագրառումներն անթույլատրելի ապացույց ճանաչել, հետո այդ անթույլատրելի ապացույցը դներ դատավճռի հիմքում»,- ասաց ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի հարազատներից մեկը (չցանկացավ ներկայանալ):

Ամբաստանյալը Հայաստանի Հանրապետության նախագահին նամակ է գրել` խնդրելով գործը վերցնել իր հսկողության տակ:

Եվ այսպես. Կալանավայրերի վարչության նախկին պետին մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել նախկինում երկու անգամ դատապարտված Ռոբերտ Տոնոյանի` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ներկայացրած հաղորդման հիման վրա:

Ըստ մեղադրական եզրակացության`գտնվելով դժվար ֆինանսական վիճակում և իմանալով հանդերձ, որ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում բնակվող Մրազ Շարոյանը, վրեժխնդրության շարժառիթով դրդված, մտադիր է պատվիրել եղբորը սպանած անձնավորության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը, Սամվել Հովհաննիսյանը համաձայնվել է գտնել սպանության կատարող և միջնորդ հանդիսանալ վերջինիս ու պատվիրատուի միջև: Պարզելով, որ սպանության պատվիրատուն նպատակին հասնելու համար պատրաստակամ է տրամադրել 30.000 ԱՄՆ դոլար, 2012 թվականի փետրվար ամսին դիմել է ծանոթին` նախկինում երկու անգամ դատապարտված Ռոբերտ Հովսեփի Տոնոյանին, առաջարկելով 10.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց կազմակերպել և իրագործել Ջամալ Սլոյանի սպանությունը` վերջինիս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու, նրան ուղարկվող թմրանյութը մահաբեր խտության աստիճանի հասցնելու և դրանով իսկ թունավորումն իրականացնելու եղանակով: Դրա հետ մեկտեղ Սամվել Հովհաննիսյանն առաջարկել է այդ գործին վարձատրության դիմաց ներգրավել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը կրող դատապարտյալ Արթուր Խուրշուդյանին: Մի քանի օրից Ռոբերտ Տոնոյանից իմանալով, որ Արթուր Խուրշուդյանը համաձայնել է 10.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց կատարել Ջամալ Սլոյանի սպանությունը, Սամվել Հովհաննիսյանը Ռոբերտ Տոնոյանին առաջարկել է միջոցներ ձեռնարկել Ջամալ Սլոյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար, խոստանալով տրամադրել դրա համար անհրաժեշտ գումարը: Իր հերթին, սպանության պատվերն իրագործելու շուրջ բանակցելու համար Սամվել Հովհաննիսյանը 2012 թվականի փետրվարի 27-ին հեռախոսային կապ է հաստատել Նովոսիբիրսկ քաղաքում գտնվող Մրազ Շարոյանի հետ և, ըստ վերջինիս հետ պայմանավորվածության, 2012 թվականի փետրվարի 29-ի N1863 չվերթով Երևանից մեկնել է Մոսկվա: «Շերեմետևո-3» օդանավակայանում հանդիպելով նույն օրը Նովոսիբիրսկից ժամանած Մրազ Շարոյանին, վերջինիս հետ համաձայնության է եկել Ջամալ Սլոյանի սպանությունն իրագործելու շուրջ, հաջորդ օրը վերադարձել է Երևան և Ռոբերտ Տոնոյանին հերթական հանդիպման ժամանակ հայտնել է, որ ապագա զոհին պատիժը կրելու համար տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ, խնդրելով պարզել, թե Արթուր Խուրշուդյանը կարող է այնտեղ վերոհիշյալ եղանակով սպանությունը կատարել: Որոշ ժամանակ անց Ռոբերտ Տոնոյանից տեղեկանալով, որ Արթուր Խուրշուդյանը համաձայնել է պայմանավորված եղանակով կատարել «Արթիկ» ՔԿՀ պատիժը կրելու համար տեղափոխված Ջամալ Սլոյանի սպանությունը, Սամվել Հովհաննիսյանն առաջարկել է սակարկել վերջինիս առաջարկած 10.000 ԱՄՆ դոլարի չափով գումարը տարբերությունը միմյանց միջև կիսելու պայմանով և որոշ ժամանակ անց իմացել է, որ Արթուր Խուրշուդյանը համաձայնել է կատարել սպանությունը 7.500 ԱՄՆ դոլարի չափով վարձատրության դիմաց:

Այդ ընթացքում սպանության պատվերի իրագործման ընթացքի մասին տեղեկություններ հայտնելու, ինչպես նաև պայմանավորված վարձատրության գումարները ստանալու համար Սամվել Հովհաննիսյանը հեռախոսային կապ է պահպանել Մրազ Շարոյանի հետ, գաղտնապահության նկատառումներով որոշ դեպքերում դրա համար օգտագործելով Երևան քաղաքում տեղակայված տարբեր քարտֆոնները, իսկ գումարի փոխանցման հանգամանքն իրավապահ մարմինների տեսադաշտից թաքցնելու համար Մրազ Շարոյանին փոխանցել է ընկերոջ Արկադի Սուքիասյանի տվյալները: Ըստ Սամվել Հովհաննիսյանի հետ պայմանավորվածության, Արկադի Սուքիասյանի անվամբ, որպես սպանության պատվերի կանխավճար, Շարոյանների ընտանիքի հետ փոխկապակցված անձի Իրինա Կովալևայի անունից 2012 թվականի ապրիլի 10-ին փոխանցվել է 5000 ԱՄՆ դոլար, որը Արկադի Սուքիասյանը 2012 թվականի ապրիլի 11-ին ստացել է «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության կենտրոնական մասնաճյուղից և միանգամից հանձնել նրա հետ բանկ եկած Սամվել Հովհաննիսյանին:

2012 թվականի ապրիլի 28-ին Մոսկվա քաղաք մեկնելուց Սամվել Հովհաննիսյանը սպանության կատարման համար համապատասխան թմրանյութեր ձեռք բերելու և անհրաժեշտ ծախսեր կատարելու, պայմաններ ստեղծելու համար որպես կանխավճար Ռոբերտ Տոնոյանի միջոցով Արթուր Խուրշուդյանին է փոխանցել 400 ԱՄՆ դոլար: Գտնվելով Մոսկվա քաղաքում մի քանի անգամ զանգահարել է Արթուր Խուրշուդյանին վերջինիս մոտ համոզմունք և գործելու վճռականություն ձևավորելու համար, հեռախոսազրույցների ընթացքում հանդես է եկել որպես սպանության պատվիրատու մտացածին «Սլավիկ» անունով, հեռախոսային խոսակցության ժամանակ հաստատել է մինչ այդ Ռոբերտ Տոնոյանի միջոցով փոխանցած Ջամալ Սլոյանի սպանության դիմաց տարբերություն կազմող գումարի տրման պատրաստակամությունը, սակայն Ջամալ Սլոյանի սպանությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ պատճառներով, քանի որ Ռոբերտ Տոնոյանն ու Արթուր Խուրշուդյանը կամովին դադարեցրել են հանցագործության նախապատրաստությունը:

Իսկ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Լուսինե և Թելման Հովհաննիսյանների կողմից 2006 թվականին հիմնադրված և վերջինիս տնօրինությամբ գործող «Սամոշ» ՍՊ ընկերությունում չունենալով գործարքներ կնքելու, նյութական միջոցները տնօրինելու և այլ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված լիազորություններ, տարբեր անձանց հետ նույն գույքի նշված ընկերության կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 51/2 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքի երկու բնակարանների վերաբերյալ կնքել է կրկնակի գործարքներ և խարդախությամբ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է այդ բնակարանների համար վճարված առանձնապես խոշոր չափերի գումարները:

Ըստ ամբաստանյալների հարազատների` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք առաջադրելը սարքված գործ է, քանի որ իրականում բազմաբնակարանային շենքը կառուցելիս է եղել Սամվել Հովհաննիսյանի հայրը` Թելման Հովհաննիսյանը, ով և՛ հիմնադիրն է եղել, և՛ տնօրենը: Որդին որևէ կապ չի ունեցել այդ շինարարության հետ, որևէ թղթի տակ չի ստորագրել և եթե անգամ սխալմամբ երկու բնակարանները կրկնակի են վաճառվել դրա համար Սամվել Հովհաննիսյանը չպետք է պատասխանատվություն կրի:

«Քանի որ շենքի բնակարանները կառուցելու պահից սկսել են վաճառել ու բնակարաններն էլ համարներ չեն ունեցել, 2 բնակարան կրկնակի է վաճառվել` չնայած, որ 79 բնակարան ունեցող շենքում 9 ազատ բնակարան է եղել»,- նշեց Սամվել Հովհաննիսյանի ազգականը: Ավելի ուշ բանկը սնանկ է ճանաչել Թելման Հովհաննիսյանի ընկերությունը և կառավարիչ է նշանակվել: Ըստ ազգականների` մինչև օրս ազատ բնակարաններ կան, բայց մեկ բնակարանը երկու անգամ գնած անձնացից ոչ մեկին այլ բնակարան չեն տրամադրում:

Ազգականների պատմելով` բազմաբնակարան շենքում բնակարան գնած մի կնոջ բողոքի հիման վրա է քրեական գործ հարուցվել, թե շենքի շինարարությունը դադարեցվել է ու բնակարանը չի կարողանում ստանալ։

«2011 թվականի օգոստոսի 15-ի ամսաթվով քրեական գործ հարուցելը կեղծ որոշում է, քանի որ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում այդ տվյալները չկան: Շենքում բնակարան ձեռք բերած մի քաղաքացուհու դիմումն Արաբկիրի ոստիկանության բաժին է հասնել օգոստոսի 17-ին և մակագրվել է քննիչ Արամյանին, իսկ Արամյանը գործը հարուցել է օգոստոսի 15-ի ամսաթվով` այսինքն, ինքն առանց գործ ստանալու, գործ է հարուցում: Թելման Հովհաննիսյանը հայտնել է, որ քանի որ բնակիչները բնակարանների գումարները չեն կարողանում տալ, ինքն այդ պատճառով չի կարողանում շենքի շինարարությունն ավարտին հասցնել: Օգոստոսի 15-ից հետո քննիչը քննչական գործողություններ է կատարել, սեպտեմբերի 15-ին դատախազին դիմում է գրել ու խնդրել քրեական գործի ժամկետը երկարացնել: Իսկ ինֆորմացիոն կենտրոնում այդ գործը սեպտեմբերի 12-ի ամսաթվով է հարուցված: Այս պարագայում քննիչի բոլոր գործողությունները համարվում են անօրինական: Այս պարագայում այս քրեական գործը պետք է կարճվի և դեռ մի բան էլ ծառայողական քննություն սկսվի: Դատախազությունն ասում է վրիպակ է օգոստոսի 15-ի ամսաթվով քրեական գործ հարուցելու մասին որոշումը ու դրանից հետո քննչական գործողություններ կատարելու ամսաթվերը: Սամվել Հովհաննիսյանի ձերբակալության օրը քննիչը բոլոր հարցաքննվածներին կանչել է ոստիկանություն, տուժող ճանաչել, գործն ուղարկել ՀՔԾ, որ միացնեն մեկ վարույթում: Նշեմ նաև, որ խարխադության գործը վերահսկող դատախազ Բաղդասարյանն արդեն 2 տարի հետախուզման մեջ է` կաշառք վերցնելու մեղադրանքով»,- պատմեց Սամվել Հովհաննիսյանի բարեկամը:

Ամբաստանյալ Սամվել Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 1979թ.-ից աշխատել է իրավական համակարգում: Ռոբերտ Տոնոյանի հետ ծանոթացել է 1990-1991թթ., իրենց շփումները շարունակվել են, վերջինս իր մոր հորաքրոջ որդու բարեկամն է: Տոնոյանի հետ իրենց հարաբերություններն ավելի են սերտացել, երբ ինքն աշխատանքի է անցել օդանավակայանում` որպես ներքին գործերի բաժնի պետ: Ռոբերտ Տոնոյանն այդ ժամանակներում իր բիզնեսի հետ կապված հաճախակի է մեկնել Ռուսաստան և ճանապարհները փակ լինելու պատճառով հաճախակի դիմել է իրեն, որպեսզի օգնի նրան ՌԴ մեկնելու հարցում: 1996թ. վերջերից Ռոբերտի հետ իրենց հարաբերությունները դարձել են սառը, Ռոբերտի կողմից իրեն խոստացված 30.000 դոլար արժողության կարագի փոխարեն պայմանավորվածությունից ուշ սոյայի յուղ տալու դեպքից հետո: Դրանից հետո ինքն այլևս չի ցանկացել նրա հետ որևէ հարաբերություն ունենալ, քանի որ Ռոբերտը հանդիսացել է խարդախ: Ռոբերտը շարունակել է այցելել իրեն: 2001թ.-ին, երբ հանդիսացել է քրեակատարողական վարչության պետ, շրջայցերից մեկի ժամանակ պատահական մեկ անգամ տեսել է Ռոբերտին մեկուսարանի բուժմասում, մեկ անգամ էլ` «Սևան» քրեակատարողական հիմնարկում: 2012թ. հունվարի վերջերին իրենց տուն է եկել Ռոբերտը, ում ինքը միանգամից չի ճանաչել` փոխված լինելու պատճառով: Վերջինս հիշեցրել է, որ ինքը «հոկտեմբերյանցի Ռուբոն» է, ասել է, որ դեկտեմբերի կեսերին ազատվել է պատժի կրումից, նախկին կինն ու երեխաները մեկնել են Թուրքիա, սակայն ինքը քրեակատարողական հիմնարկում ամուսնացել է Մարինե Սարգսյանի հետ:

Ռոբերտին չի հրավիրել տուն, քանի որ տանը հյուրեր է ունեցել: Նրան է տվել իր բջջային հեռախոսահամարն ու ասել, որ զանգահարի մի քանի օրից և երբ հարմար կլինի կարող են դրսում հանդիպել: Ռոբերտի այցն իրեն կասկածելի է թվացել, քանի որ իրենք արդեն երկար տարիներ շփում չեն ունեցել: Դրանից մի քանի օր անց զանգահարել է Ռոբերտն ու իրենք հանդիպել են Կոմիտասում գտնվող սրճարանում:
Ռոբերտն իրեն ասել է, որ գտնվում է ծանր վիճակում, պատժի կրումից ազատվելուց հետո բնակվում է վարձով, խնդրել է օգնել իրեն: Միաժամանակ ասել է, որ տեղյակ է կառուցվող շենքի մասին ու առաջարկել է շինանյութ մատակարարել, սակայն ինքն ասել է, որ այդ շենքը վաղուց սնանկ է ճանաչվել, ներկայումս սնանկության կառավարիչն է զբաղվում այդ շենքով ու ինքն այլևս կապ չունի դրա շինարարության հետ: Այդպես իրենց խոսակցությունն ավարտվել է: Դրանից որոշ ժամանակ անց Ռոբերտը կրկին զանգահարել է, իրենք հանդիպել են, վերջինս իրեն առաջարկել է տարբեր գործերով զբաղվել, որոնցից ինքը հրաժարվել է, կասկածելով, որ Ռոբերտն ուզում է իրեն քրեորեն հետապնդելի արարքի մեջ ներքաշել: Որոշ ժամանակ անց Ռոբերտն իրեն ծանոթացրել է Սերժիկ Պողոսյանի հետ, ով առաջարկել է իրեն զբաղվել «կարբամիտի» գործով: Վերջինս իր մոտ լուրջ, բիզնեսի մեջ գրագետ մարդու տպավորություն է թողել ու իրենք սկսել են զբաղվել այդ գործով, որը պետք է իրականացվեր Հայաստանից դուրս, քանի որ «կարբամիտն» արտադրվում է Ուկրաինայում, Բելառուսիայում և Ռուսաստանում: Ինքը ծանոթներ է ունեցել Ուկրաինայում, կապնվել է «Չոլոյի» հետ, ով մեծ կապեր է ունեցել Ուկրաինայում ու խնդրել է օգնել իրենց: «Չոլոն» ասել է, որ իրեն կզանգահարի մեկը, ում եղբայրը Բելոռուսիայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդականն է, և այդ հարցում գուցե կարողանա օգնել իրենց: Այդպես իրեն զանգահարել է մի անձնավորություն, որը ներկայացել է որպես Ռուսլան, ով հետագայում` նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մրազ Շարոյանն է, ու իրենք այդ թեմայով մի քանի անգամ խոսել են իրար հետ: Վերջինս իրեն ասել է, որ եղբայրը գործուղումով գտնվում է Ամերիկայում և վերադառնալուց հետո կխոսի նրա հետ այդ հարցով: Մարտ ամսվա կեսերին, երբ Ռոբերտի հետ գտնվել են սրճարանում, նրա բջջայինին զանգ է եկել ու Ռոբերտը, պատասխանելով զանգին, ասել է, որ «Ջնդիի» օբյեկտում է նստած, Ռոբերտի խոսակցությունից լսել է, որ վերջինս խոսում է «Շվոյի» հետ Ջամալի մասին: 2-րդ անգամ խոսակցության ընթացքում Ռոբերտը «Շվոյի» հեռախոսով խոսել է նաև Ջամալի հետ: Ռոբերտն իրեն ասել է, որ Գորիս ՔԿՀ-ում նստած է Ջամալ անունով մեկը, ում համար «Ջնդին» պատրաստ է տալ 10.000 ԱՄՆ դոլար, որպեսզի նրան տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց: Ռոբերտն ասել է նաև, որ կարող է կազմակերպել, որ 5.000 ԱՄՆ դոլարով նրան տեղափոխեն, իսկ 5.000 դոլարը կմնա իրենց: Ռոբերտն առաջարկել է իրեն զանգահարել բուժ. բաժնի պետի տեղակալին ու խնդրել, որ Ջամալին տեղափոխեն, միաժամանակ շեշտելով, որ իրենք կարող են 10.000 դոլար աշխատել: Ինքը պատասխանել է, որ հրաժարվում է դրան խառնվելուց, քանի որ 2006թ.-ից ազատվել է պաշտոնից ու չի պատրաստվում իր նախկին աշխատակիցներին որևէ բան խնդրել: Այդ ամենն իրեն կասկածելի է թվացել ու ինքը վստահ է եղել, որ Ռոբերտը ցանկանում է իրեն ինչ-որ բաների մեջ ներքաշել: Ռոբերտն ասել է, որ «Շվոն», ինչպես նաև Ջամալն իրեն ասել են, որ Ջամալը մեծ գումարներ է տվել, որպեսզի նրան Գորիս ՔԿՀ-ից տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, սակայն տեղափոխել են Արթիկ ՔԿՀ: Ինքը Ռոբերտին հարցրել է, թե «Ջամալը ինչ-որ մեկին վատություն է արել, հնարավոր է դրան ինչ-որ մի պատասխան վատություն անել», ինչին Ռոբերտը պատասխանել է, որ կհետաքրքրվի: Ինքը սպանության նախապատրաստության մասին չի խոսել և չէր կարող նման բանի մասին խոսել ընդհանրապես որևէ մեկի հետ ու հատկապես Ռոբերտ Տոնոյանի հետ: Այդքանով իրենց խոսակցությունն ավարտվել է, որից հետո ինքն իր կապերով իմացել է, որ Տոնոյանն իրենց այդ զրույցի մասին հայտնել է «այլ տեղեր»: Դրանից հետո իր հետաքրքրությունն ավելացել է ու ինքը սկսել է Ռոբերտին հարցնել, թե «ինչ եղավ, հնարավորություն կա նրան վատություն անելու»: Ինքը երբևէ չի հիշում, որ Արթուր Խուրշուդյանին տեսած լինի կամ նրա հետ թեկուզ հեռախոսով խոսած լինի: Տոնոյանն իր նպատակին հասնելու համար ներքաշել է նաև Արթուր Խուրշուդյանին:
Մարտ ամսին Ջամալի մասին իրենց խոսակցությունից հետո Ռ. Տոնոյանը այդ խոսակցության մասին հայտնել է համապատասխան մարմնին, որտեղից գաղտնի ՀՀ ոստիկանություն է գնացել հաղոդում և մեկ ամիս ոստիկանությունը, օպերատիվ փնտրողական վարչությունը ձայնագրառել է իրեն գաղտնալսել է օրենքով սահմանված կարգով, ենթարկել է արտաքին դիտման, դրանք գործում առկա չեն, որից հետ պատասխանել է նախաձեռնողին, որ ձեր կողմից ուղարկված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, որից հետո որոշ մարդկանց անհրաժեշտ է եղել ձայնագրառումներ, որպեսզի ապացուցման հիմքում դնեն և դրանից հետո Ռ. Տոնոյանի մոտ անհրաժեշտություն է առաջացել իրեն ձայնագրառել: Արդեն մայիսի 12-ին հույժ գաղտնի գրությամբ նամակը գնացել է ԱԱԾ, որպեսզի վերջինս բացահայտի իր կողմից նախապատրաստվող հանցագործությունը: Ճիշտ է ինքը չի տեսել արտաքին դիտման արդյունքները, սակայն տեղյակ է, որ նման դեպքերում կատարվում է արտաքին դիտում: Այդ ձայանգրությունների ընթացքում ինքը Տոնոյանի հետ խոսել է, որպեսզի նրան «բռնել տա», քանի որ ունեցել է կասկածներ, որ Տոմոյանին ուղարկել են իր մոտ նրա համար, որ վերջինս իրեն վարկաբեկի, հնարավոր է, որ իրեն բռնելու նպատակ է ունցել, որում ինքը վստահ չի եղել: Անգամ որոշել է Տոնոյանին նրա պահանջած գումարը տալ և նրան խարդախության համար բռնել տալ: Այդ պատճառով, ապրիլի 12-ին ցանկացել է Տոնոյանին 3.500 դոլար տալ ու այդ օրը զանգահարել է Արաբկիրի ոստիկանության բաժնի պետ Արթուր Մեհրաբյանին ճշտելու համար, թե վերջինս տեղում է լինելու, քանզի ցանկացել է խնդրել, որպեսզի օպերտիվ խումբ ուղարկեր, որ Տոնոյանին բռնեին, որից հետո նոր ինքը հայտարարություն կտար: Սակայն դա չի ստացվել իրականացնել, քանի որ այդ օրը Տոնոյանը գնացել է Վանաձոր, ու ինքը Արաբկիրի ոստիկանության պետին ոչինչ չի ասել: Ձայնագրությունների ժամանկ ինքը հանդես է եկել «Սլավիկ» անունով, քանի որ այդպես է ցանկացել: Ինքն այդ ամենի մեջ մտել է Տոնոյանին բացահայտելու համար: Ինքը շատ լավ իմացել է, որ Տոնոյանն իրեն ձայնագրում է և իր այն արտահայտությունը, թե «կարող է Խուրշուդյանը Բաբախի ու Նիկոլաևիչի բանն է», ուղղված է եղել նաև Տոնոյանին: Ձայնագրություններում, որոնք արվել են Սահմանադրության և մի շարք օրենքների խախտումներով, կան շատ բաներ, որոնք աղավաղված են և նույնիսկ որոշ դեպքերում իր ձայնը չի հնչում, չնայած ինքը խոսել է Տոնոյանի և Խուրշուդյանի հետ: Այդ ձայնագրություններում կան բառակապակցություններ, նախադասություններ, որոնք փոխված են, ինքը նման բան չի ասել, բացի այդ կա 2 ֆայլ, որոնցում ակնհատորեն իր ձայնը չէ: Տոնոյանի հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ եղել է դեպք, որ ինքն ասել է նրան, որ իր հետ խոսի Արկադիի հեռախոսով: Դա արել է նրա համար, որպեսզի, հանդիպացնելով Տոնոյանին Արկադիի հետ, պարզի, թե այն մեքենան, որն ըստ Տոնոյանի պնդմամբ վերջինս գրավ է դրել, վարում է նա այդ մեքենան, թե` ոչ: Իրենք խոսել են «կարբամիտի» մասին: Վստահ է, որ նրանք չեն ցանկացել իրեն «բռնել տալ», քանի որ իրեն բռնելու նախաձեռնությունը եկել է այլ կողմից, պարզապես 2 կողմի ցանկությունները միացել են իրար և դարձել է այսպիսի բան: 2007թ.-ին իր գլխին սարքել են ու բռնել, և 4 ու կես ամիս անց հանցակազմի բացակայությամբ կարճել են գործը, գտնում է, որ այս գործը 2007թ.-ի գործի շարունակությունն է: Գտնում է, որ Ռոբերտը կոնկրետ մարդու կողմից է ուղարկվել իր մոտ, քանի որ մինչ նրա գալը, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ևս մեկը եկել է իր մոտ, նախկին դատապարտյալ Վարուժան Գևորգյանը, ով իրեն նույնպես դիմել է գործ տրամադրելու խնդրանքով: Ինքը պատրատակամություն է հայտնել օգնել նրան, ասել է, որ երբ վերջինս ժամանի Մոսկվա իր մտերիմներին կխնդրի նրան ապրանք տալ` իրացնելու համար: Այդպես մարտի 9-ին զանգահարել է Վարուժան Գևորգյանը, ում ինքը խոստացել է օգնել: Հետագայում իմացել է, որ Ռ. Տոնոյանը և Վ. Գևորգյանը 2000թ. Նուբարաշեն ՔԿՀ-ում, այն էլ նույն խցում են ապրել: Բացի այդ Վ. Գևորգյանն իր ծանոթ լրագրողուհուն խնդրել է իր դեմ նյութեր հրապարկել թերթում, կապված 2007թ. հարուցված քրեական գործի հետ: Ինքը Խուրշուդյանին թմրանյութ ձեռք բերելու համար 400 դոլար չի փոխանցել ու թմրանյութ ձեռք բերելու վերաբերյալ իրենց միջև խոսակցություն չի եղել: Ռ. Տոնոյանի և Ա. Խուրշուդյանը որքան էլ թմրանյութից, դրա օգտագործման կարգից, կանոնից խոսեն, միևնույն է իրենից ավելի շատ չգիտեն:

Նույն քարտֆոնից մարտի 23-ին Մրազ Շարոյանին արված զանգից անմիջապես հետո 1 անգամ զանգ է եղել Ռաֆիկ Հովհաննիսյանի 44-27-08 համարին, իսկ դատաքննության ընթացքում Ռ. Հովհաննիսյանն ասել է, որ 2006թ.-ից հետո իրենք ոչ խոսել են, ոչ էլ հանդիպել: Դրանից բացի կրկին նույն քարտֆոնից նույն քարտով Մրազի զանգից անմիջապես հետո ապրիլի 4-ին Վրուժան Գևորգյանի ռուսաստանյան համարին է զանգ եղել:

Ռ. Հովհաննիսյանն ու Ռ. Տոնոյանն իր կարծիքով ընկերներ չեն եղել, պարզապես Ռ. Հովհաննիսյանը Տոնոյանին օգտագործել է և նրանից ինֆորմացիա է ստացել:

Ինքը Ռուզան Մինասյանի հետ Մրազի և Ջամալի մասին երբևէ չի խոսել, իրենց միջև խոսակցություն չի եղել նաև Ռուսլանի մասով:

Մարինե Սարգսյանն ճանաչում է, վերջինս 1 անգամ 20 րոպեով եղել է իր տանը, ինքը նույնպես 1 անգամ եղել է նրանց տանը:

«Էյջ էս բի սի» բանկի հետ կապված 25 միլիոն եվրոյի պատմությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ինքը գտնվել է ֆինանսական ծանր վիճակի մեջ և վերաբերել է «կարբամիտի» գործարքին:

Լավ ճանաչելով Ռ. Տոնոյանին ինքը տեղյակ է եղել, որ վերջինս ընդունակ չէ մարդ սպանելու, նման բան կազմակերպելու, ավազակություն կատարելու, սակայն կարող է խարդախություն կամ շորթում կատարել:

Մոսկվայում իր գտնվելու հիմնական պատճառը եղել են «կարբամիտի» հետ կապված հարցերը:

Ըստ քրեական գործի տվյալների Մրազ Շարոյանին 2 ամիս պարբերաբար գաղտնալսել են, սակայն այդ 2 ամսվա ընթացքում չեն կարողացել նրան բռնել, ինչը շատ տարօրինակ է իր համար: Գտնում է, որ նախաքննական մարմնին անհրաժեշտ չի եղել նրան հայտնաբերել ու ներկայացնել քննության: Բացի այդ օգոստոսի 8-ին Մ. Շարոյանը գնացել է իր բնակության վայրի Աշտարակի ոստիկանության բաժին և դիմում է գրել անձնագիր ստանալու համար, որից հետո, օգոստոսի 15-ին ստացել է անձնագիր, իսկ օգոստոսի 20-ին նոր նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մ. Շարոյանը կապ է ունեցել Գորիսի ոստիկանության հետ, ու վերածանումներ ստանալով կարելի է պարզել, որ վերջինս 16 անգամ խոսել է Գորիսի ոստիկանության վրա գրանցված բջջային հեռախոսահամարին:

Նախաքննության ընթացքում X հեռախոսահամար չի եղել և միայն նախաքննության ավարտից հետո ապրիլ ամսին, վերծանումներով պարզվել է, որ այդ համարով խոսել են Ռ. Տոնոյանի հետ, վերջինիս կողմից ապօրինի ձայնագրությունները կատարելու ժամանակ, սակայն նախաքննական մարմինը չի պարզել, թե այդ համարը ում է պատկանում: Նախաքննական մարմինը գտել է, որ ինքը Ռ. Տոնոյանին Ջամալ Սլոյանի սպանության պատվերը տվել է փետրվարի 27-ին, ու այդ օրը ինքը Ռուզանի և Մրազի հետ է խոսել: Սակայն իրականում այդ օրը չի եղել, Ջամալի մասին Տոնոյանի հետ իրենց խոսակցությունը եղել է մարտ ամսվա 1-15 ընկած ժամանակահատվածում: Իսկ փետրվարի 27-ն է ընտրվել է, քանի որ Ռ. Տոնոյանի ցուցմունքները և իր վերծանումները եղել են համապատասխան անձանց մոտ, որոնք սակայն հաշվի չեն առել, որ այդ ժամանակահատվածում Ռ. Տոնոյանն իր հետ չի եղել: Տոնոյանի հետ Ջամալի մասին իրենց խոսակցությունը եղել է ՙՇվոյի՚ հետ խոսակցությունից հետո: Ինքը Ռուսլանի հետ երբևէ չի հանդիպել ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում, մասնավորապես Շերեմետևո օդանավակայանում, քանի որ ինքը չէր կարող փետրվարի 29-ին գիշերը ժամը 12-ի իջնել Շերեմետևո օդանավակայան և մինչև ժամը 9-10 սպասել Մրազին, նրան տեսնելու համար: Ջամալ Սլոյանի կենսագրականի կամ նրա առողջականի վերաբերյալ ճշգրտումներ չի կատարել, Տոնոյանից իմացել է, որ վերջինս թմրամոլ չէ:

2009-2010թ. ունեցել է «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որը վաճառել է և այդ մեքենայի գումարները մեքենայի փաստացի գնորդի հայրը` Գագո Հովհաննիսյանը մաս-մաս 500, 1000, 3000, 5000 դոլարներով իրեն է փոխանցել, եղել է նաև, որ 2012թ. ապրիլ ամսին 2 անգամ վերջինս գումարը փոխանցել է Կուտիրով ազգանվամբ անձի տվյալով, քանի որ գրանցում չունենալու պատճառով Գագոն իր անունից չի կարողացել գումարներ փոխանցել: Այդ մեքենայի հետ կապված 5000 դոլար գումարը ինքն ու Արկադի Սուքիասյանը, ով հանդիսանում է իր աշխատանքային ընկերը դեռևս 1979թ.-ից գնացել ու Կոնվերս բանկից ստացել են: Այդ փոխանցումների վերաբերյալ անդորրագրերն ներկայացրել է քննչին:

Չի հիշում, թե ինչու է նախաքննության ընթացքում իր ցուցմունք նշել, որ «քանի որ ինձ ծայրահեղ անհրաժեշտ էր պարզել, թե ով է իմ հետևից ընկել, ես փորձեցի «խաղի» մեջ մտնել, Ռոբերտ Տոնոյանին ասել եմ, որ իմ ծանոթներից ոմն եզդի Ռուզանը խնդրել է, որպեսզի օգնեմ որոշակի գումարի դիմաց Ջամալի հետ հաշվերադար տեսնելու հարցում` ցանկացած հնարավոր եղանակով, քանի որ վերջինս Ռուզանի զարմուհու արժանապատվությունն է վիրավորել»: Ըստ էության չի կարող բացատրել, թե ինչու է այդպիսի ցուցմունք տվել: Իրականում Ռուզանի բարեկամի հետ կապված այդպիսի խնդիր չի եղել:

Ըստ դատարանի՝ շահադիտական դրդումներով և պատվերով սպանության կատարելը կազմակերպելու նախապատրաստության դրվագով Սամվել Հովհաննիսյանի կատարած հանցանքը հիմնավորվել է, իսկ նրա անհիմն և հակասական պատճառաբանությունները հերքվել են տուժող Ջամալ Սլոյանի, Ռոբերտ Տոնոյանի և մի շարք այլ վկաների ցուցմունքներով, իսկ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դրվագներով Ս. Հովհաննիսյանի կատարված հանցանքները հիմնավորվել են տուժողների ու վկաների ցուցմունքնեով։

Դատարանը վելուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, գտել է, որ Սամվել Հովհաննիսյանը կատարել է հանցավոր արարքներ։

Ըստ Սամվել Հովհաննիսյանի ազգականների՝ դատավոր Արմեն Խաչատրյանն օբյեկտիվ քննություն է իրականացել, սակայն մեղադրական դատավճռից երևում է, որ նրան ստիպել են նման դատավճիռ գրել։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար պատաստվում են Արդարադատության խորհուրդ դիմել։

ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործն այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում է։

Բողոք բերող անձը դատարանից խնդրել է Սամվել Հովհաննիսյանին ճանաչել անպարտ և հռչակել նրա անմեղությունը՝ արդարացնելով նրան, և ազատ արձակել դատարանի նիստերի դահլիճից, կամ վերադարձնել ստորին ատյանի դատարան` այլ կազմով ողջ ծավալով նոր քննության, կամ ամբաստանյալի մեղքը ապացուցված համարելու դեպքում նրա նկատմամբ նշանակել արդեն իսկ նշանակվածից առավել մեղմ պատիժ, իսկ հնարավորության դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել