Iravaban.net-ը ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազի թիվ 85-Լ հրամանը, որով հաստատվել է «Օրենքի պաշտպան» մեդալի նկարագրությունն ու վկայականի ձևը։ Հրամանը ստորագրվել է 2025թ․ հոկտեմբերի 13-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից։
Մեդալի մանրամասն նկարագրությունը
«Օրենքի պաշտպան» մեդալը բաղկացած է երկու հիմնական մասից՝ կախիչից և դրան կապօղակով ամրացված մեդալից։ Կախիչն ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է 24 մմ լայնություն ունեցող կապույտ մետաքսյա ժապավենով, որի մեջտեղի հատվածում 8մմ լայնության վրա 2-ական 2մմ լայնությամբ սպիտակ երիզներ են։
Մեդալը կլոր է՝ 38մմ տրամագծով, որի դիմերեսի եզրագծով շրջանաձև պատկերված է իրար միահյուսված շեղանկյունաձև զարդանախշ։ Այն պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատված է 999 հարգի ոսկով։ Մեդալի դիմերեսի ներքին շրջանագծի եզրագծի երկայնքով վերևում կորաձև ուռուցիկ տառերով գրված է «ՕՐԵՆՔԻ ՊԱՇՏՊԱՆ»։
Ներքին շրջանագծի կենտրոնում պատկերված է ՀՀ դատախազության զինանշանը՝ էմալապատված եռագույն էմալով, ներքևի մասում՝ դափնեպսակ։ Մեդալի դարձերեսին առկա է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» գրությունը և ուղղանկյուն շերտիկ՝ հերթական համարի համար։
Իրավական հիմքերը
Հրամանը հիմնված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 52-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վրա։ Այն համահունչ է նաև ՀՀ գլխավոր դատախազի 2018 թվականի ապրիլի 11-ի N 31 հրամանով հաստատված՝ դատախազներին և դատախազության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման կարգին։
Մեդալի նշանակությունը
«Օրենքի պաշտպան» մեդալը նախատեսված է օրենքի գերակայության ապահովման և իրավունքի պաշտպանության գործում նշանակալի ներդրում ունեցող դատախազներին և դատախազության գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրելու համար։ Մեդալը միտված է խրախուսելու օրինականության պաշտպանության գործում նվիրյալ աշխատանքը։
Հրամանի համաձայն, այս մեդալը, «Պետական շահերի պաշտպան» մեդալի հետ միասին, համալրում է արդեն գործող պարգևների շարքը, որոնց թվում են «Համագործակցության ամրապնդման համար» և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալները։
Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։