Iravaban.net–ը ուսումնասիրել է ՀՀ գլխավոր դատախազի թիվ 85-Լ հրամանը, որով հաստատվել է «Պետական շահերի պաշտպան» մեդալի նկարագրությունն ու վկայականի ձևը։ Հրամանը ստորագրվել է 2025թ․ հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից։
Մեդալի նկարագրությունը և խորհրդանշանները
Նորաստեղծ «Պետական շահերի պաշտպան» մեդալը բաղկացած է երկու հիմնական մասից՝ կախիչից և դրան կապօղակով ամրացված մեդալից։ Կախիչն ունի հնգանիստ բազմանկյան ձև, որը պաստառապատված է աջ և ձախ մասում կապույտ, իսկ մեջտեղում սպիտակ մետաքսյա 24 մմ լայնություն ունեցող ժապավենով։
Մեդալը ներկայացնում է ճառագայթաձև ութանկյուն, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Այն պատրաստված է պղնձի հատուկ համաձուլվածքից և ոսկեպատված է 999 հարգի ոսկով։ Մեդալի դիմերեսին կենտրոնական շրջանագծի մեջ պատկերված է ՀՀ դատախազության զինանշանը՝ էմալապատված եռագույն էմալով, եզրագծված դափնեպսակով։
Մեդալի եզրային շրջանագծի մեջ, վերևում կորաձև ուռուցիկ տառերով գրված է «ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ», իսկ դարձերեսին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» գրությունը և ուղղանկյուն շերտիկ՝ հերթական համարը գրելու համար։
Իրավական հիմքերը
Հրամանը հիմնված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 52-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վրա։ Այն համահունչ է նաև ՀՀ գլխավոր դատախազի 2018 թվականի ապրիլի 11-ի N 31 հրամանով հաստատված՝ դատախազներին և դատախազության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման կարգին, մասնավորապես՝ հավելվածի 19-րդ և 29-րդ կետերին։
Մեդալի նշանակությունը
«Պետական շահերի պաշտպան» մեդալը նախատեսված է պետության շահերի պաշտպանության գործում նշանակալի ներդրում ունեցող դատախազներին և դատախազության գործունեությանն օժանդակող անձանց պարգևատրելու համար։ Մեդալը դառնում է պատվաբեր խրախուսման միջոց, որը կնպաստի պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազական համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության՝ այս մեդալը, «Օրենքի պաշտպան» մեդալի հետ միասին, լրացնում է արդեն գործող «Համագործակցության ամրապնդման համար» և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալների շարքը։
Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net–ը։