Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, 2025 թվակականի օգոստոսի 6-ին իմ միջնորդության հիման վրա որոշում էր կայացրել իմ պաշտպանյալ, բարերար Գաբրիել Ջենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով քննչական մարմնին կայացնել համապատասխան վարույթային ակտ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Աշոտ Սիմոնյանի գրառումից։
«Եվ, ահա, շուրջ 1.5 ամիս է, ինչ քննիչը միտումնավոր կերպով չի կատարում հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը՝ թույլ տալով կամայականություն, փաստացի կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք:
Ավելորդ չեմ համարում նշել, որ սույն քրեական վարույթը քննող քննիչ Արթուր Սարգսյանը օրեր առաջ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, իրավակարգի և օրինականության գործում ներդրած ավանդի համար:
Այսօր մեր կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, օրինականության գործում ավանդ ներդրած պարոն Սարգսյանի հակաիրավական գործողությունների վերաբերյալ:
Նշեմ, որ նշված ապօրինությունը ցավալիորեն կատարվում է Դատախազության թողտվության պայմաններում: Հետևողական ենք լինելու, որ նախաձեռնվի քրեական վարույթ և գոնե այս պարագայում օրինականությունն ԻՐԱՊԵՍ հաղթանակի», – նշված է փաստաբան Աշոտ Սիմոնյանի գրառման մեջ:
