Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական բանակցություններում երբևէ չի եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է Փաշինյանը։
«Կարծում եմ՝ իմաստ ունի ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ իմաստ ունի այդ արտահայությունն օգտագործել, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից»,- ասել է ՀՀ վարչապետը։
Նա հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հստակ բովանդակություն և խոսույթ են համաձայնեցվել։
«Այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։
Այդ խոսույթները խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը չեն մեծացնում եւ խաղաղության մթնոլորտից եւ բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին՝ Փաշինյանը հավելեց․
«Ճիշտն ասած չեմ հասկանում, որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի՞ պատճառում։ Ինձ օրինակ, պատճառում է»։
Փաշինյանը ընդգծեց, որ իրեն բավարար բերկրանք է պատճառում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան, սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է եւ ատելություն չի տածում ու չի տարածում հարևանների նկատմամբ։
«Միջազգային հանրությանը կոչ եմ անում ի գիտություն ընդունել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» եւ այդօրինակ խոսույթները ձեռք բերված պայմանավորվածություններից չեն բխում, կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ, ի հեճուկս ձեռք բերված եւ հռչակված պայմանավորվածությունների»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։