Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանում քննվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության գործ։
Մեղադրանքի էությունը.
Ա․Կ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 2010թ. մարւրի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու իրավունք, քննությամբ չպարզված օրը և ժամին ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցը։
Մինչև 2024թվականի դեկտեմբերի 24-ը, ժամը 10:15-ը, երիտասարդը «զիպ» փականով պոփէթիլենային թաղանթից երկու փաթեթներում իր մոտ ապօրինի պահել է, ՀՀ Կառավարության 2018թ. հունիսի 27-ի N 707-Ն որոշման 1-ին հավելվածում ընդգրկված, զգափ չափերով՝ 0,13 գրամ քաշով «օ-PVP» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2024 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում՝ ՀՀ ՆԳՆ ոսւրիկանության ՀՈԳՎ Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից՝ Ա․Կ-ի անձնական խուզարկության ժամանակ:
Քրեական գործի ընթացքը.
2025 թվականի հուլիսի 14-ին Երևան քաղաքում՝ դռնբաց դատական նիստում, դատաքննության արագացված վարույթի կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Ա․Կ-ն՝ (ծնված՝ 27․04․2000թ․, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, հաշվառված և բնակվող՝ Վայոց Ձորի մարզ, Վայք, Գոմք բնակավայր, 6-րդ փողոց, 1-ին տուն հասցեում, նախկինում դատված), ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով:
Գործով մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել էին արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Ա․Կ-ն ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, իսկ հանրային մեղադրողը չի առարկել արագացված վարույթ կիրառելու դեմ։
Գործի քննության ընթացքում դատարանին ներկայացվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց Ձորի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված տեղեկանք, համաձայն որի՝ Ա․Կ-ն 2020 թվականի հոկտեմբերի 08-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 08-ը մասնակցել է մարտական գործողությունների: Բժշկական քարտի քաղվածքի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 13-ին նրա մոտ ախտորոշվել է գլխի գագաթային շրջանի վերք, բեկորային վնասվածք:
Դատական նիստերի ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը նախկինում դատված է եղել։ Մասնավորապես, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի հունվարի 16-ի դատավճռով նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 2 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Դատարանի որոշումը.
Դատարանը, գնահատելով հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ կարճաժամկետ ազատազրկման ձևով՝ 1 ամիս ժամկետով։
Քանի որ մեղսագրվող արարքը կատարվել է փորձաշրջանի ընթացքում, դատարանը վերացրել է Ա․Կ-ի նկատմամբ նախկին դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը։ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի 15 օր ժամկետով։
Նշենք, որ դատավճիռը բողոքարկվել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմից։ Պաշտպանը միջնորդել է բեկանել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճիռը պատժի մասով՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան։ Մինչդեռ հանրային մեղադրողը խնդրել է բեկանել և փոփոխել դատավճիռը նշանակված պատժի մասով, մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ նշանակելով ազատազրկման ձևով։ Բողոքարկման արդյունքները հայտնի կլինեն Վերաքննիչ դատարանի քննությունից հետո։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: