Հղի կնոջ ու դստեր նկատմամբ բռնություն իրականացրած տղամարդը դատապարտվեց հանրային աշխատանքների

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 17-ին մեղադրական դատավճիռ է կայացրել ընտանեկան բռնության գործով։

Մեղադրանքի էությունը.

Գ. Ս.-ին (ծնված՝ 13.03.1986թ. Լճափ գյուղում) մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով (ընտանեկան բռնություն՝ հղի կնոջ և մերձավոր ազգականի նկատմամբ) և ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասով (անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը)։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2025թ. մարտի 8-ին ժամը 21:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լճափ բնակավայրի իրենց տանը Գ. Ս.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հղի կնոջ՝ Մ. Ա.-ի հետ, որի ընթացքում բռունցքով 2-3 անգամ հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, այնուհետև քաշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Հետագայում վիճաբանությանը միջամտել է զույգի դուստրը՝ Մ. Ս.-ն, որի դեմքին նույնպես մեկ անգամ բռունցքով հարվածել է հայրը։

Բացի այդ, 2025թ. մարտի 9-ին Գ. Ս.-ն խախտել է իր նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշման պահանջները՝ վերադառնալով այն տուն, որտեղից պետք է հեռացած լիներ։ Համաձայն դատական փաստաթղթերի՝ նրա նկատմամբ կիրառվել էր սահմանափակում՝ անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկված Մ. Ա.-ի և Մ. Ս.-ի բնակության վայրից և չմոտենալ նրանց 300 մետր հեռավորությունից։

Քրեական գործի ընթացքը.

Դեպքի մասին հաղորդումը ներկայացվել էր 2025 թվականի մարտի 8-ին՝ ժամը 23:30-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում։ Քրեական վարույթը նախաձեռնվել է մարտի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։

Թիվ ԳԴ/0156/01/25 քրեական գործը դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 2-ին և մակագրվել դատավոր Կ. Հ.-ին։ Մեղադրյալի պաշտպան է հանդիսացել փաստաբան Ս. Մ.-ն։

Դատավարության ընթացքում մեղադրյալը և նրա պաշտպանը ներկայացրել են արագացված վարույթ կիրառելու միջնորդություն։ Գ. Ս.-ն ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել։ Հանրային մեղադրող Ս. Ս.-ն և տուժող Մ. Ա.-ն արագացված վարույթ կիրառելու դեմ չեն առարկել։

Դատավճիռը.

Արագացված վարույթի կիրառմամբ հուլիսի 17-ին դատարանը որոշում է կայացրել Գ. Ս.-ին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և նշանակել հետևյալ պատիժները՝

  • ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով՝ հանրային աշխատանքներ՝ 100 ժամ տևողությամբ
  • ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանրային աշխատանքներ՝ 80 ժամ տևողությամբ

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել հանրային աշխատանքներ՝ 180 ժամ տևողությամբ։

Դատարանը, պատիժը որոշելիս, հաշվի է առել մի շարք մեղմացնող հանգամանքներ, այդ թվում՝ մեղադրյալի խնամքին յոթ անչափահաս երեխա ունենալը, անկեղծորեն զղջալը և նախկինում դատված չլինելը։

Գ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել