Թալինում տղամարդը կնոջ պարանոցին ծխախոտով այրվածք հասցնելու համար դատապարտվել է ազատության սահմանափակման և հոգեբուժական վերահսկողության

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ընտանեկան բռնության գործով։

Մեղադրանքի էությունը.

32-ամյա Զ.Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ընտանեկան բռնություն՝ մերձավոր ազգականի նկատմամբ) երկու դրվագով:

Գործի նյութերի համաձայն՝ 2024 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող իրենց տանը, Զ.Գ.-ն վիճաբանել է կնոջ հետ և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ ազդրի և կրծքավանդակի արյունազեղումներ:

Հաջորդ օրը՝ մայիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, այցելելով նույն հասցե, Զ.Գ.-ն վառվող ծխախոտով այրել է կնոջ պարանոցի շրջանում՝ պատճառելով այրվածքի ձևով մարմնական վնասվածք:

Դատաքննության ընթացքը.

Թիվ ԱՐԱԴ/0016/01/25 քրեական գործը դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 3-ին և մակագրվել դատավոր Դ.Դ.-ին: Մեղադրյալի պաշտպանն էր փաստաբան Ա.Հ.-ն:

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ունի թեթև աստիճանի մտավոր հետամնացություն: Համաձայն 2024 թվականի հոկտեմբերի 16-ի ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 287/24 եզրակացության՝ Զ.Գ.-ն կարիք ունի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման՝ արտահիվանդանոցային հարկադիր հսկողության և բուժման տեսքով:

Նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալը և նրա պաշտպանը միջնորդել են կիրառել արագացված վարույթով դատաքննության հատուկ կարգ: Զ.Գ.-ն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:

Դատավճռի մասին.

Դատարանը 2025 թվականի մարտի 21-ին մեղադրական դատավճիռ է կայացրել՝ Զ.Գ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության երկու դրվագով և վերջնական պատիժ նշանակելով ազատության սահմանափակում՝ 1 տարի ժամկետով:

Դատարանը մեղադրյալի նկատմամբ նշանակել է նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում՝ 1 տարի ժամկետով:

Որպես ազատության սահմանափակում՝ դատարանը որոշել է արգելել Զ.Գ.-ին առանց իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:

Դատարանը, որպես մեղմացնող հանգամանքներ, հաշվի է առել մեղադրյալի խնամքի տակ գտնվող 3 անչափահաս երեխաների առկայությունը և այն հանգամանքը, որ վերջինս ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Դատավճիռն ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 28-ին, իսկ մայիսի 13-ին ընդունվել է կատարման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել