Քննիչ Արման Լ․-ն իր վարույթում գտնվող քրեական գործով կեղծել է ապացույց:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 13-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։
Քննիչ Արման Լ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի (2003) 349-րդ հոդվածի 2-րդ մասի (քրեական գործով ապացույցներ կեղծելը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից) հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նաև մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի (2021) 476-րդ հոդվածի 1-ին մասի (սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը) հատկանիշներով։ Պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշվում է, որ խափանման միջոց չի ընտրվել։
Առաջին նիստը նշանակվել է հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում