Արշավիր Կ․ն զբաղեցնելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կրտսեր պարեկի պաշտոնը, ունենալով ոստիկանության սերժանտի կոչում, բռնություն գործադրելով՝ կատարել է այնպիսի արարք, որը չի բխել իր լիազորություններից և դուրս է այդ լիազորությունների շրջանակից։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Արշավիր Կ․ի արարքի հետևանքով Արթուր Ա․-ի իրավունքներին, ազատություններին ու օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Գործը դատարան է մուտքագրվել հունիսի 27-ին և մակագրվել դատավոր Արմեն Շիրոյանին։
Արշավիր Կ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով) հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում։