Հրապարակվել է ռուս բլոգերների մեկի՝ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանի կենտրոնում խուլիգանական գործողություններ կատարելու գործով դատավճիռը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Կիրիլ Ատաևին մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանքը՝ 1.500.000 դրամ գումարի չափով, սակայն վերջինս ազատվել է այն վճարելուց, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2024 թվականի ապրիլի 9-ը փաստացի անազատության մեջ է գտնվել (կալանավորված)։
Նշվում է, որ Ատաևն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նախաքննության ընթացքում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, զղջացել է կատարածի համար։
Դատավճիռը հրապարակվել է հունիսի 6-ին, ըստ «Դատալեքսում» առկա տվյալների՝ չի բողոքարկվել։ Նիստը նախագահել է դատավոր Արամայիս Ասատրյանը։
«․․․Պատժի նպատակներն ապահովելու համար առավել խիստ պատիժ նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ հիմնական պատիժ պետք է նշանակել տուգանք՝ քսանապատիկի չափով:
Դատարանը գտնում է նաև, որ Կիրիլ Ատաևի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու հիմքերն ու անհրաժեշտությունը բացակայում են»,-նշվում է դատավճռում։
Հիշեցնենք՝ 2023 թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, բարձրացել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ:
Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սևեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ: