Կառավարությունն ավելի քան 87 մլն դրամ է հատկացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից 87 մլն 696 հազ դրամն ուղղել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերին: Ըստ այդմ՝ կիրականացվի քաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների առաջին վճարումը:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատվել էր մեկ անձից գնման ընթացակարգով գերմանական «ՋիԷմՓի ինթերնեյշնլ» ճարտարապետական ընկերության և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի կոնսորցիումից համապատասխան աշխատանքների ձեռքբերումը, որի հիման վրա հոկտեմբերի 30-ին արդեն կնքվել է պայմանագիր: Ըստ նախարարի՝ այն պետք է իրականացվի երկու փուլով և երեք վճարմամբ. «Այս պարագայում իրականացնում ենք կանխավճարը, որին կհաջորդեն առաջին և երկրորդ փուլերը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 597 մլն 245 հազ դրամ, ընդ որում՝ սա առավելագույն արժեքն է. շուրջ 193 մլն դրամը կծախսվի, եթե բացի հիմնական տեղամասից կարիք լինի անդրադառնալ նաև պահեստային՝ Հայֆիլմի տարածքի նախագծման աշխատանքներին»,-նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ արդեն տեղի է ունեցել ծրագրի պատասխանատու ճարտարապետի և ուրբանիստի աշխատանքային այցը. հաջորդը այցն ակնկալվում է դեկտեմբերի 11-12-ին: «Նախատեսվում է առաջին փուլի արդյունքները՝ նախագծի նկարագրությունը, հատակագիծը և տեսլականը, ստանալ մինչև փետրվարի վերջ: Այնուհետև կլինի երկրորդ փուլի՝ ամբողջական կոնցեպտուալ հատակագիծը, որում ներառված կլինեն ճանապարհափողոցային ցանցի, տեղանքի, շենքերի, լանդշաֆտի, ճարտարագիտական ենթակառուցվածքների և մնացած բոլոր մանրամասները: Այն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև ապրիլ»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախությամբ եմ արձանագրում, որ մենք հաստատուն քայլերով ընթանում ենք «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման ճանապարհով: Մենք հիմա արդեն, ըստ էության, առաջին գործնական փուլն ենք մտնել, երբ Հայաստանի և Գերմանիայի Դաշնությունը ներկայացնող գործընկերների աջակցությամբ սկսում ենք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի ձևավորման աշխատանքները: Այսինքն՝ պետք է արդեն տեղանքը վերլուծվի ճարտարապետական խնդրի իրագործման տեսակետից: Պետք է լուծվեն նաև ամենատարբեր հարցեր, սկսած՝ այնտեղի ջրամատակարարման, էներգամատակարարման, կոյուղու և այլնի հետ կապված: Եվ արդեն կոնկրետ շենքերի տեղադիրքի վերաբերյալ պետք է իրականացվեն առաջարկություններ: Մենք մտածում ենք, որ այնտեղ կունենանք նաև մեր ազգային ստադիոնը, ինչը շատ կարևոր է»:

Վարչապետն ընդգծել է, որ Ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ կառուցողական աշխատանք է իրականացվում. «Ես համոզված եմ, որ ծրագիրն իրականացնելու ենք գործնականում: Իհարկե, պետք է նաև ասել, որ սա մեկ անգամյա գործողություն չէ. մենք այն, ինչ ուզում ենք պլանավորել, ուզում ենք պլանավորել 100-ամյա կտրվածքով, որ ամեն փուլ հաջողությունից հետո՝ էլ ինչ ռազմավարական զարգացման հեռանկար և հնարավորություն պետք է պահպանենք և ստեղծենք Ակադեմիական քաղաքի համար: Կարծում եմ՝ շատ սկզբունքային, ռազմավարական նշանակության հարց է, որ մենք այս ծրագիրն իրականացնենք պատշաճ ձևով, մակարդակով և ժամանակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել