Ահազանգ՝ շների մասսայական սպանդի մասին․ «12-13 շուն են սպանել, միայն 3-ին ենք հասցրել նկարել»

Iravaban.net-ի ընթերցողներից Գոհար Տեր-Անտոնյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ահազանգել է խմբագրություն ու հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում շների մասսայական սպանություններ են տեղի ունեցել։ Նրա խոսքով՝  ինքն ու իր աղջիկը զբաղվում են անտուն շների խնամքով, կացարան տրամադրելով։

«Երեկ երեկոյան ահազանգ ենք ստացել Մարտունիից։ Մեր աղբյուրը մեզ հայտնեց, որ քաղաքապետի տեղակալը, ոմն Վահագն, հրացանով, օրը ցերեկով, շուկայի, «Հին կինոյի» տարածքում սպանում է անտուն կենդանիներին։ Նրա հետ պտտվում է ինչ-որ սպիտակ Ford, որը շների դիակները դնում է մեքենայի մեջ ու տանում են»,-հայտնում է Գոհարը` հավելելով, որ հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

Նա մտավախություն ունի, որ գործը կոծկվելու է ու իրավապահները ոչ մի գործողություններ չեն կատարելու։ Iravaban.net-ին էր տրամադրվել նաև լուսանկարները, որոնցում 3 սպանված շուն է պատկերված։ Գոհարի պնդմամբ՝ այլ սպանված շներ էլ են եղել, սակայն նրանց դիերը չեն հասցրել նկարել, մեքենայով տեղափոխել են․ «Մեր աղբյուրը Մարտունի քաղաքից հայտնել է, որ 12-13 շուն են սպանել, միայն 3-ին է հասցրել նկարել։ Հենց Վահագն է կրակել, մեր աղբյուրն է ասում»։

Iravaban.net-ը կապ հաստատեց Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վահագն Դավթյանի հետ ու դեպքի առնչությամբ ստացավ նրա մեկնաբանությունը։ Նա պնդեց, որ շների սպանդով չի զբաղվել, անգամ զենք օգտագործել չի կարողանում․ «Առհասարակ ոչ մեկ իրավունք չունի նման բանով զբաղվելու։ Չի կարող նման բան լինել»։

Դավթյանը պնդեց նաև, որ տեղյակ չի անգամ քաղաքում շների դիերի առկայության, սպանության մասին։ Նա նշեց, որ քաղաքացիներից շատ ահազանգեր են ստանում, որ շները հարձակվում են ինչպես մարդկանց, այնպես էլ անասունների վրա։

«Բայց համայնքը թույլ չի տալիս, որ ինչ-որ անձ զբաղվի շների սպանդով։ Մենք նույնիսկ տենդեր են հայտարարել և ունեցել ենք մասնակից, որը իրականացրել է շների ստերջավորում»,-փոխհամայնքապետն ասաց նաև, որ մարդկանց և կենդանիների վրա հարձակումների վերաբերյալ կան արձանագրումներ։

Iravaban.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեց, որ նման բովանդակությամբ ահազանգ ստացել են, գործի նյութերը արդեն փոխանցվել են Քննչական կոմիտե։

«Դեռևս վարույթ չի նախաձեռնվել, լրացուցիչ ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված ոստիկանությանը հանձնարարություն է տրվել»,-հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Iravaban.net-ը հետևողական է լինելու և անդրադառնալու է դեպքի առնչությամբ զարգացումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել