Ֆինանսների նախարարը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դեսպանի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից։

Վահե Հովհաննիսյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում ԵՄ հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ընթացիկ բարեփոխումներին, այդ թվում՝ պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման գործընթացին աջակցելու ուղղությամբ անձնական մեծ ներդրումի համար։ 

Եվրամիության պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արձանագրել է Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության փաստը և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է իր լավագույն ջանքերը հարաբերությունների խորացման և զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, դիտարկել տարբեր ոլորտներում կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները և նախանշել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել