«Շոուի եք վերածում, դուր է գալիս ձեզ սա, հա՞»․ դատավորը հունից դուրս եկավ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 5-ին, ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Մանվել Շահվերդյանը։

Նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը նշեց, որ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ Ազգուշ Մարտիրոսյանը (Գայանե Մարտիրոսյան) պետք է կալանավորվի։

«Միայն բացառիկ խափանման միջոցն է ի զորու սույն փուլում ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,-նշեց դատախազը՝ միջնորդելով մեղադրյալին կալանավորել։

Դատարանում Աշոտ Փաշինյանը հաստատեց դատախազի պնդումը միջամտությունների վերաբերյալ՝ նշելով, որ իրեն զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով։ Վարչապետի որդին, սակայն ինքնուրույն դիրքորոշում չհայտնեց մեղադրյալի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ` նշելով, որ ինքն իրավաբան չէ և մեղադրողի դիրքորոշմանն է միանում, իսկ մեղադրողը պնդում էր, որ պետք է կալանավորել Ազգուշ Մարտիրոսյանին։

Հարցի քննարկման ընթացքում դատարանում կողմերը բղավում էին միմյանց վրա, հիմնականում՝ դատախազը և պաշտպան Գերորգի Մելիքյանը. «Եթե վարչապետն անվտանգության համակարգով չի կարողանում մի հատ որդի պաշտպանել․․․»։

Խոսքը չավարտած միջամտեց դատախազը․ «Դա Ձե՞ր խնդիրն է»։

Արձագանքելով դատախազի հարցին, Գերոգի Մելիքյանը պատասխանեց․ «Բա Ձե՞ր խնդիրն է, որ բերել եք ապօրինի կալանքի տակ եք պահում»։

Մեղադրող Արթուր Դանիելյանը դատարանին առաջարկեց Մելիքյանին զրկել խոսքի իրավունքից։ Վիճաբանություն սկսվեց, դատավորը հունից դուրս եկավ։

«Շոուի եք վերածում, դուր է գալիս ձեզ սա, հա՞։ Ձեզ մենակ սա է դուր գալիս։ Ձեզ իրավական դաշտը չի հետաքրքրում, ձեզ շոուն է հետաքրքրում։ Այս ամենն է ձեզ դուրս գալիս, որևէ մեկդ իրավական դաշտում չեք գործում։ Բացառապես գալիս եք բոցաշունչ ելույթ ունենալու, նկարահանեք, ֆեյսբուքներում գրեք»,-դատավորը բարկացած 15 րոպե ընդմիջում հայտարարեց և հեռացավ նիստերի դահլիճից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել