Մեր երկրներում գործնականում չկան ընտանիքներ, որոնք չեն տուժել պատերազմից․ ՌԴ դեսպան

Մայիսի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնել է դեսպանությունը։

Ընդունելությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վետերաններ, ՀՀ նախարարություններից ու գերատեսչություններից ներկայացուցիչներ, պատգամավորներ, հոգևորականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ օտարերկրյա կառույցների ղեկավարություն, Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային տնօրինությունը, ռուս զինվորականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայրենակիցներ, երիտասարդական կազմակերպությունների և ասոցիացիաների անդամներ։

Իր ողջույնի խոսքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև բոլոր այն պետությունների համար, որոնք Խորհրդային Միության կազմում էին, երկրների ժողովուրդների համար, ովքեր կրել են պատերազմի ծանրությունը, Հաղթանակի օրը հատուկ տոն է։

«Շատերի համար դա խորապես անձնական է, քանի որ մեր երկրներում գործնականում չկան ընտանիքներ, որոնք չեն տուժել պատերազմից։

Բոլորիս համար սա պարզապես պատմական ամսաթիվ չէ, դա մեր պապերի ու նախապապերի խիզախության, հերոսության, նվիրումի հիշողություն է, հիշեցում է այն ահռելի գնի, որ վճարել են մեր ժողովուրդները խաղաղության, արժանապատվությամբ և ազատությամբ ապրելու իրավունքի համար։ Մենք սգում ենք ընկածներին ու հպարտանում նրանցով, ովքեր գլուխ չխոնարհեցին չարի առաջ ու նվաճեցին ոչ միայն իրենց համար կյանքի և արժանապատվության իրավունքը»,- հայտարարել է Կոպիրկինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել