Խորհրդարանական նախաձեռնության տեքստը կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է լիովին անկախ․ Ֆրանսիայի ԱԳՆ

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այսօր՝ դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարությամբ անդրադարձել է ընդունված բանաձևին ու նշել, որ խորհրդարանական նախաձեռնության տեքստը կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է լիովին անկախ՝ իշխանությունների տարանջատման սկզբունքով, փոխանցում է ТАСС-ը։

«Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, մասնավորապես անցյալ տարվա նոյեմբերի 29-ին, այն է՝ «Ֆրանսիան շարունակում է կողմերին կոչ անել առաջ շարժվել այս բանակցություններում՝ օգտվելու խաղաղության հնարավորությունից»։

Հենց այս ոգով էր, որ հանրապետության նախագահը Պրահայում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»,-ԱԳՆ-ն ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության ներկայացուցիչը՝ պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ Սենատի և Ազգային ժողովի կողմից ընդունված երկու բանաձևերի վերաբերյալ կառավարության դիրքորոշման վերաբերյալ լրագրողների հարցին։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.

– Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք,

– Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում,

– Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը),

– Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը,

– Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել