Փաշինյանը Պուտինի հետ խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց կարևոր է Հայաստանի համար։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մեզ համար  շատ կարևոր է ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զորքերի դուսրբերման հարցը, ուր նրանք ներխուժել են այս տարվա մարտին: Չնայած բարձր մակարդակի պայմանավորվածություններին՝ ադրբեջանական զորքերը դեռևս դուրս չեն եկել ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց: Ակնկալում եմ այս հարցի կարգավորում՝ այսօրվա քննարկումների ընթացքում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Tass-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին:

«Ինչ վերաբերում է Հայաստանի Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, ապա աշխատանքների մեկնարկից առաջ մենք բազմիցս ընդգծել ենք, որ գործընթացին պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման մեխանիզմների ստեղծումը: Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, սահմանազատման գործընթացն ինքնին  կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ: Անկեղծ ասած, այն ժամանակ համաձայն չէինք այդ դիրքորոշմանը, սակայն ի վերջո որոշում կայացրեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մեկնաբանության վրա»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետն հայտարարել է, որ չնայած դրան՝ այս տարվա սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ սանձազերծել է նոր ագրեսիա և օկուպացրել նոր տարածքներ: «Մեզ համար բավական կարևոր է այս հարցում Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը մինչև 2021 թվականի մայիսի 11-ն ընկած դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել