Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումն ապաքրեականացման հիմքով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Ինչպես նշեց պաշտպան Արամ Օրբելյանը, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով, որն այս տարվա հուլիսի 1-ից այլևս ուժը կորցրել է։

«Այսպիսով, Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հոդվածներն իրավական ուժ չունեն և դադարել են գոյություն ունենալ, իսկ մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման։ Արարքը ապաքրեականացնող և անձի վիճակը բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ և կիրառվում է նախկին հարաբերությունների վրա։

Երբ քրեական օրենքը ճանաչվում է ուժը կորցրած, նշված դեպքի նկատմամբ ոչ թե պետք է կիրառել քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, այլ 9-րդ հոդվածը, համաձայն որի, ուժը կորցնելու հանգամանքին տրվում է հետադարձ ուժ և նախատեսվում է, որ օրենքը ուժը կորցրել է սկզբից։ Առկա պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման», – ընդգծեց Օրբելյանը։

Մեղադրող կողմի կարծիքով՝ նոր օրենքը կիրառելու հիմքեր չկան, որովհետև հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, և առաջադրված մեղադրանքը շարունակում է ուժի մեջ մնալ։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ սույն գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել