Դատարանը կալանքի տակ թողեց Գերասիմ Վարդանյանին

Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական քննությունը։ Նիստին քննվեց Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը։

«Ես իմ դիրքորոշումը հայտնել եմ նախորդ նիստերի ընթացքում, ասել եմ՝ այն մարդը չեմ, որ գամ դատարան, կանգնեմ այստեղ ու ձեզանից ազատության խնդրեմ կամ ակնկալեմ»,- դատարանում հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Վարդանյանի նկատմամբ անձնական երաշխավորություն և գրավ կիրառելու միջնորդությունները՝ նշելով, որ մեղադրյալի խափանման միջոցի հիմքերը շարունակվում են պահպանվել, այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու Վարդանյանի պատշաճ վարքագիծը։

Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Որոշման հրապարակումից հետո հավաքվածները վանկարկեցին՝ «ամոթ»։

Հիշեցնենք՝ դատական նիստին պաշպան Բենիկ Գալստյանը հայտարարել էր. «Եթե դատարանը գտնում է, որ այս պայմաններում առկա են որոշակի վտանգներ Գերասիմ Վարդանյանի կողմից ազատության մեջ գտնվելու պայմաններում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հետ կապված, պաշտպանական կողմից առաջարկված այլընտրանքային խափանման միջոցները կարող են ամբողջովին չեզոքացնել այդ վտանգը։ Խոսքը վերաբերում է մի շարք հեղինակավոր անձանց երաշխավորություններին. Ազգային ժողովի 14 պատգամավոր դատարան ներկայացրել է համապատասխան դիմում։

Եթե դատարանը գտնի, որ նշված երաշխավորությունները բավարար չեն անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, պաշտպանական կողմը միջնորդում է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց մինչև 10 միլիոնի սահմաններում»։

Մինչ դատարանում ընթանում էր դատական նիստը, դատարանի բակում ակցիա էր՝ ի աջակցության Գերասիմ Վարդանյանի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել