Առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումներ անելու արտոնյալ ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Դա նշանակում է, որ քաղաքացիները մինչև հոկտեմբերի 1-ը կարող են տարբեր կայքերից մինչև 200.000 դրամի գնումներ կատարել առանց մաքսատուրք վճարելու։
Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքերից գնումներ իրականացնել և այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմը նախկին 200 եվրոյի փոխարեն մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200.000 դրամ:
Արտոնության ժամկետը երկու ամսից ավարտվում է։ Կսահմանվի՞ արդյոք նոր արտոնություն, կամ կերկարացվի՞ գործող արտոնության ժամկետը, դեռ հայտնի չէ, հատկապես, որ ՊԵԿ-ում բացահայտել են ոչ անձնական օգտագործման համար, կոմերցիոն նպատակով մեծաքանակ ներմուծումների դեպքեր, որոնց պատվիրատուներին պարտադրվել է մաքսազերծել առցանց գնված ապրանքը։
ՊԵԿ տվյալներով՝ 2022 թ-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 1 մլն 243 հազար առաքանի։